Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե գնաճի հարցը չլուծենք՝ դա միջնաժամկետ ու երկարաժամկետ հատվածում տնտեսությանը բավական մեծ վնաս կհասցնի ․ ԿԲ նախագահ

Եթե գնաճի հարցը չլուծենք՝ դա միջնաժամկետ ու երկարաժամկետ հատվածում տնտեսությանը բավական մեծ վնաս կհասցնի ․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
17:11, 04 май 2021
Այսօր ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնել՝ սահմանելով այն 6 տոկոս։

Լրագրողները ԿԲ նախագահից հետարքրվեցին, թե սա ինչ ազդեցություն կունենա վարկերի, տոկոսադրույքների վրա՝ մասնավորապես սպառողական։ 

Անդրադառնալով հարցին՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ բնականաբար վարկավորման տոկոսադրույքի որոշակի աճ կլինի։

Իսկ ինչ վերաբերում է տնտեսկաան աճին՝ հավելեց, որ նախորդ կանխատեսումների համեմատ տնտեսությունը ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում։

Լրագրողները ԿԲ նախագահին հիշեցրեցին, որ վերջին շրջանում սա երրորդ դեպքն է, որ տեղի է ունենում տոկոսադրույքի փոփոխություն և երեք դեպքերն էլ հենց գնաճային ճնշումները զսպելուն են ուղղված։ Արձագանքելով այս հարցին՝ Մարտին Գալստյանը նշեց, որ առաջին անգամ բարձրացրել են 1 տոկոսային կետով, երկրորդ իրենց քայլը եղել է 0,25-ը, որին հաջորդել է անփոփոխ տոկոսադրույք, իսկ այս անգամ բարձրացրեցին 0,5-ով․ «Սակայն մեր որոշումները ոչ թե ռեակտիվ են, այլ մեք տեսնում ենք իրավիճակային զարգացումների ուղղությունները և որոշում ենք կայացնում փորձելով չվնասել տնտեսական զարգացումներին։ Եթե գնաճի անատոմիան դիտարկենք, տեսնում ենք, որ գնաճը պայմանավորված է արտածին երևույթներով, առաջարկի շոկերով։ Մենք երբ նախորդ տարեվերջին որոշեցինք տոկոսադրույքը բարձրացնել ՝ ելնում էինք այն իրողությունից, որ մեր քաղաքականությունը միտված է ապագային։ Ակնհայտ էր, որ գնաճն ավելի բարձր է լինելու քան թիրախը»։ 

ԿԲ նախագահի խոսքով՝ այս անգամ կես տոկոս են բարձրացրել, և դա բացի սննդամթերքի և այլ հումքային ապրանքների գների աճից նաև պահանջարկի որոշակի վերականգնումն է արտաքին հատվածում․ «Տեսնում ենք, որ երկրները տնտեսական աճի կանխատեսումներ են փոխում, հավելյալ պահանջարկ է ձևավորվում, որը մեր պատկերացմամբ գնաճային է լինելու»։

Նա նաև հավելեց, որ բարձրացնում են տոկոսադրույքը խարսխելու համար գնաճային սպասումները։ Բայց այս պահին ոչ թե գնաճային սպասումների ցուցանիշն է բարձր, այլ անորոշության։ 

Լրագրողների հարցին՝ չկա՞ հակասություն կառավարության սպասումների և ձեր գործողությունների միջև՝ հաշվի առնելով, որ կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է տնտեսությունը վերականգնել կորոնավիրուսի այս շարունակվող պայմաններում, Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ ցանկանում են ունենալ երկնիշ տնտեսական աճ, իսկ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 1,4-ի շրջանակներում կարող է լինել այդ աճը, իսկ Մարտին Գալստյանը պատասխանեց․ «ԿԲ-ի ու Կառավաության մեջ չկա հակասություն, որովհետև եթե մենք չենք կարողանալու գնաճի հարցը լուծել՝ դա միջնաժամկետ ու երկարաժամկետ հատվածում տնտեսությանը բավական մեծ վնաս է հասցնելու՝ պոտենցիալ չեկած ներդրումների տեսքով, որովհետև ներդրումները կայուն, կանխատեսելի միջավայր են պահանջում։ Մեր քաղաքականության թիրախը կայանում է նրանում, որ հասարակությանը հավաստիացնենք, որ մենք վերադառնալու ենք մեր թիրախին և գնաճը կարճաժամկետ երևույթ է»։