Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժերը Թուրքիայի տնտեսությանը հասցրել են 34.2 մլրդ դոլարի վնաս

Երկրաշարժերը Թուրքիայի տնտեսությանը հասցրել են 34.2 մլրդ դոլարի վնաս
Տնտեսություն
13:30, 28 февраль 2023
Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի հասցրած նյութական վնասը կազմում է 34.2 միլիարդ դոլար (645 մլրդ 884 մլն 100 հազար թուրքական լիրա):

Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Թուրքիայի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեսը՝ ներկայացնելով «Գլոբալ արագ աղետների վնասի գնահատման (GRADE) զեկույցը»: Նա նաև նշել է, որ հիշյալ ցուցանիշը համապատասխանում է Թուրքիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4%-ին։

Զեկույցում նշված է, որ շարունակվող հետցնցումները կարող են ժամանակի ընթացքում ավելի մեծացնել վնասի չափերը:

Ընդգծելով, որ երկրաշարժի շրջանը ներառում է նաև Թուրքիայի աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող նահանգներից մի քանիսը՝ զեկույցում ասվում է, որ տարածաշրջանում տեղակայված է սիրիացի փախստականների գրեթե 50 տոկոսը՝ ավելի քան 1.7 միլիոն փախստական։

Զեկույցում նաև հաշվարկվել է, որ 1.25 միլիոն մարդ ժամանակավորապես անօթևան է մնացել շենքերի ամբողջական կամ մասնակի փլուզման պատճառով:

Թուրքական կողմի պաշտոնական տվյալների համաձայն՝ 44.374 մարդու կյանք խլած երկրաշարժների պատճառած վնասի ծավալը դեռևս հստակեցվում է:

Աղբյուր`ermenihaber.am