Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում որքա՞ն անշարժ գույք են գնել ու վաճառել օտարերկրացիները․ առուվաճառքի գործարքներ են կատարել մասնավորապես ՌԴ, ԱՄՆ, եվրոպական երկրների քաղաքացիները

Հայաստանում  որքա՞ն անշարժ գույք են գնել ու վաճառել օտարերկրացիները․ առուվաճառքի գործարքներ են կատարել մասնավորապես  ՌԴ, ԱՄՆ, եվրոպական երկրների քաղաքացիները
Տնտեսություն / Հասարակություն
21:50, 10 март 2023
2023  թ․  հունվարին ՀՀ-ում  անշարժ գույքի նկատմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված առուվաճառքի գործարքների 65,8 տոկոսի դեպքում օտարերկրացիները եղել են վաճառող,  3,1 տոկոսի դեպքում և՛ գնորդ, և՛ վաճառող,  31,1 տոկոսի դեպքում՝ միայն գնորդ։ Այս մասին civic.am-ը տեղեկանում է   օտարերկրացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի հունվար ամսվա  տվյալներից, որոնք ամփոփվել են   ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի կողմից։   
 
Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության 61 քաղաքացի Հայաստանում ս․թ․ հունվարին անշարժ  գույք է գնել,  130 քաղաքացի՝ վաճառել։ Ռազմավարական  դաշնակից երկրի քաղաքացիների կողմից 36 բազմաբնակարան շենքի բնակարան է գնվել, 46-ը՝ վաճառվել, 7 բնակելի տուն է գնվել, 27-ը՝ վաճառվել, գնվել է արտադրական նշանակության 3 շինություն, վաճառվել՝ 2-ը, հասարակական նշանակության 5 շինություն գնվել է, 4-ը՝ վաճառվել։ ՌԴ քաղաքացիները գնել են նաև 6 միավոր հող, 51-ը՝ վաճառել, որից գյուղատնտեսական նշանակության՝ 24 միավոր։ 

 Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանում գույք են գնել նաև եվրոպական երկրների քաղաքացիները։ Մասնավորապես վերջիններիս կողմից  գնվել է ընդհանուր 19 միավոր անշարժ գույք, վաճառվել՝ 18 միավոր։ Մեր երկրում գույք են գնել և վաճառել նաև ԱՄՆ քաղաքացիները՝ համապատասխանաբար 4   և 10 միավոր, ինչպես նաև Իրանի (գնվել է 1, վաճառվել՝ 2 )և ԱՊՀ պետությունների  քաղաքացիները (գնվել է 1, վաճառվել՝ 11 միավոր անշարժ գույք)։
Մասնավորապես Երևանում օտարերկրյա քաղաքացիները գնել են ամենաշատ գույքը՝ 44 միավոր, վաճառել՝ 57 միավոր գույք։  Երևանում   անշարժ գույքի գնման և վաճառքի ընդհանուր թիվը կազմել է համապատասխանաբար 87 և 175 միավոր։  Օտարերկրացիների կողմից Երևանից հետո ամենաշատ գույքը գնվել է Կոտայքի մարզում՝ 17 միավոր, վաճառվել՝ 33 միավոր գույք։ Արմավիրում գնվել է 6, վաճառվել՝ 23, Շիրակում գնվել  է 4, վաճառվել՝ 14, Սյունիքում գնվել է 3, վաճառվել՝ 1 միավոր անշարժ  գույք։