Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրենսդրական նախաձեռնությամբ մեր համաքաղաքացիները պաշտպանված կլինեն արտարժութային ռիսկերից. Գեւորգ Պապոյան

Օրենսդրական նախաձեռնությամբ մեր համաքաղաքացիները պաշտպանված կլինեն արտարժութային ռիսկերից. Գեւորգ Պապոյան
Տնտեսություն
17:30, 13 март 2023
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաեւ արտարժույթով:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի հեղինակած ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին աճել է ֆինանսական եւ ոչ ֆինանսական ակտիվների, արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը, ինչն արտարժույթով վարկ ունեցող քաղաքացիների համար մեծ ռիսկեր կարող է առաջացնել: Վերջինս հատկապես բնորոշ է խոշոր եւ երկարաժամկետ բնակարանային հիպոտեկային վարկերի դեպքում: Մասնավորապես, արտարժույթով վարկի գործողության առաջին եռամսյակում արտարժույթի 25 տոկոսով արժեւորման հավանական սցենարի դեպքում, հիպոտեկային վարկի սպասարկման բեռը սկզբնական բեռի համեմատ կաճի շուրջ 25 տոկոսով, եւ նույնիսկ կգերազանցի համադրելի ժամկետով դրամային վարկի սպասարկման ընդհանուր բեռին:

Հիմնական զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ նախագծով մեր համաքաղաքացիները պաշտպանված կլինեն արտարժութային ռիսկերից:

Իր որոշակի մտահոգություններով է կիսվել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի` օրենքի նախագծի հիմքում չկան փաստացի հաշվարկներ:

Գեւորգ Պապոյանը շեշտադրել է, որ ֆինանսական համակարգն ավելի լավ է կառավարելու արտարժութային ռիսկերը:

Մտահոգություններով կիսվել են նաեւ Ամերիկայի առեւտրի պալատի գործադիր տնօրեն Լիլիթ Գեւորգյանը, ինչպես նաեւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը եւ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը քննարկման ընթացքում բարձրացված բոլոր հարցերին տվել են սպառիչ պարզաբանումներ: Ըստ Գեւորգ Պապոյանի` բիզնեսի եւ հանրային շահերը չպետք է հակադրվեն, այդ շահերը պետք է լինեն համընթաց:

ԿԲ նախագահի տեղակալի հավաստմամբ օրենքի նախագծով նոր խաղի կանոններ են ներմուծվում, որոնք միտված են ապագային եւ շատ կարեւոր գործիք են: