Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս
Տնտեսություն
21:46, 21 март 2023
Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 100-րդ օրվա տեղեկագիրը մարտի 21-ի դրությամբ:
  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 900 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 194 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
  • Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3 900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 178 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (100 օրվա ընթացքում 245 000-ի փոխարեն՝ 1 376 մուտք և ելք):
  • Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների շարժը գրեթե 43 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (100 օրվա ընթացքում 92 000-ի փոխարեն՝ 2 154 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից):
  • Շուրջ 11 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (100 օրվա ընթացքում մոտ 40 000 տոննայի փոխարեն՝ 3 707 տոննա):
  • Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 34 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 71 օր շարունակ: Դա հանգեցրել է օրական վեցժամյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
  • 782 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 18,3%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
  • Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9 800 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 
  • Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3 717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
  • Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 21 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: