Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում զբոսաշրջությունը որոշակի աճ է գրանցում. ռուսները գալիս են Հայաստան, հայերը՝ գնում Եգիպտոս ու Դուբայ

Հայաստանում զբոսաշրջությունը որոշակի աճ է գրանցում. ռուսները գալիս են Հայաստան, հայերը՝ գնում Եգիպտոս ու Դուբայ
Տնտեսություն
21:21, 10 май 2021
Հայաստանում զբոսաշրջությունը որոշակի շարժ է գրանցում, սակայն, ասել, որ ոլորտը վերականգնվում է՝ սխալ է։      
 
 
Ըստ 2021 թվականի առաջին եռամսյակի տվյալների՝ Հայաստանում 86 000-ից ավելի ներգնա զբոսաշրջային այցելություն է գրանցվել, ինչը, համեմատած նախորդ տարվա  առաջին եռամսյակի, ավելի քան 72 տոկոսի  նվազում է արձանագրում։ Սակայն, անցած տարվա առաջին եռամսյակում երկիրը դեռ կորոնավիրուսային իրավիճակում չէր։ Այս մասին  Civic.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
 
 Այս տարվա առաջին եռամսյակը դեռևս կորոնավիրուսային իրավիճակում է։
Պարոն Ապրեսյանի խոսքով՝  հատկանշական է այն, որ անցած տարվա արդեն 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակներում, երբ Հայաստանը կորոնավիրուսային և պատերազմական իրավիճակում էր, ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը մոտավորապես 65 000 է եղել․ «Այսինքն՝ անցած տարվա ամբողջ կորոնավիրուսային վիճակը, առաջին եռամսյակը հանած, միայն 2-րդ, 3-րդ, 4-րդում, ավելի քիչ է եղել, քան այս տարվա  առաջին եռամսյակում։ Ինչ-որ շարժ արդեն կա։ Չենք կարող ասել, որ ոլորտը վերականգնվեց, սակայն սրանք գործողության մղող ցուցանիշներ են, ազդակ, որ աշխատանքի դեպքում արդյունք կլինի»։
 
 Պարոն Ապրեսյանի խոսքով՝  ներգնա տուրիզմի առումով այս պահին ամենաակտիվ երկրներն են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ը, Ուկրաինան։ Եվրոպական երկրները դեռ աճ չեն գրանցում այս հարցում։ 

 «Արտագնա տուրիզմի դեպքում Հայաստանից գնալու համար դեռևս պահանջվում է Covid թեստի բացասական պատասխան, իսկ ներգնայի համար կարևոր որոշում ընդունվեց․ բացի թեստի բացասական արդյունքից, արդեն Հայաստան մուտքի համար հիմք է ընդունվում նաև պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթը»,- նշեց նա։

 Պարոն Ապրեսյանը ոլորտի զարգացումը տեսնում է առաջին հերթին աշխարհում կորոնավիրուսային համաճարակի պատճառով խորհուրդ չտրվող երկրների «կարմիր ցուցակից» Հայաստանի դուրս բերումը․ «Մենք պետք է այս ցուցակից դուրս գանք, մանավանդ, որ շատ երկրների հետ համեմատած, շատ ավելի բարվոք վիճակում ենք գտնվում ու երկրում էլ սկսվել է պատվաստման գործընթացը։ Պետք է նաև ակտիվ մարկետինգ արվի, երկիրը գովազդվի»։

 Ներքին տուրիզմի հետ  կապված, պարոն Ապրեսյանը նշեց, որ անցյալ տարի փորձ էր արվում դրա վերկանգնման  գործընթացը ներքին զբոսաշրջությամբ իրականանցել, և, չնայած դա հաջողվեց ու ոլորտը բավականաչափ աշխուժացավ, միևնույն է, դրա նախորդ տարվա ցուցանիշին չհասավ․ «2020 թվականին՝ 2019 թվականի հետ համեմատած, ներքին տուրիզմը նունպես նվազել է՝ մոտ 32 տոկոսով»։

 One way Tour հայկական տուրիստական գործակալությունից Civic.am- ին տեղեկացրին, որ կորոնավիրուսի հետ կապված կազմակերպությունն արձանագրել է  զբոսաշրջային այցի 15-ից 20 տոկոս անկում։

  «Նույնիսկ սահմանների բացումից հետո  մեր հիմնական թիրախը դեռևս եղել են ՀՀ քաղաքացիները և  ներքին տուրիզմի վրա է շեշտը դրվել։ 2020 թվականի ամռանը՝ մինչև պատերազմը, մենք ունեցել ենք 200 -ից ավելի շրջագայություններ՝ ՀՀ տարածքում։ Այսինքն՝ բացահայտել ենք ՀՀ-ն՝ հենց տեղացիների կողմից», - նշեց կազմակերպության արտաքին տուրիզմի գծով մենեջերը։
 
 Կազմակերպությունից նույնպես նշեցին, որ այս տարի մեծ է ռուս զբոսաշրջիկների թիվը, ինչը պայմանավորում են նաև Թուրքիայի կողմից սահմանների փակման հետ։ Մենեջերի խոսքով՝ նաև եվրոպացի զբոսաշրջիկների որոշակի աճ կա, ինչը կախված է սահմանների բացման հետ․ «Հիմնական խնդիրը Վրաստանի հետ սահմանի փակումն է, ինչը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ մուտք գործելու համար»։
 
 Ըստ One way Tour տուրիստական գործակալության՝ ՀՀ-ից տեղացի զբոսաշրջիկները հիմականում մեկնում են Եգիպտոս,   Շրի Լանկա , Մալդիվներ, Արաբական Էմիրություններ, մասնավորապես՝ Դուբայ։
 
Սյուզի Սիրականյան