Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը դառնա հիմնական՝ կտեսնենք Իրան-Հայաստան տնտեսական շարժեր․ իրանագետ

Եթե Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը դառնա հիմնական՝ կտեսնենք Իրան-Հայաստան տնտեսական շարժեր․ իրանագետ
Տնտեսություն
14:05, 22 май 2021
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում Արևմուտքը համաձայնել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել չեղարկել նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման, նաև Իրանի Կենտրոնական բանկին առնչվող պատժամիջոցները։  

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ կնքվել է մի համաձայնություն, որով պատժամիջոցները ժամանակավորապես կդադարեցվեն։  

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները պետք է ստուգումներ և մշտադիտարկումներ անեն Իրանում, և դրանից հետո միայն կկարողանանք խոսել վերջնական պայմանագրի մասին, այսինքն՝ մենք այսօր վերջնական պայմանագրի մասին չենք խոսում, սա ժամանակավոր պայմանագիր է, որը ժամանակավորապես չեղարկում է որոշ պատժամիջոցներ»,- ասաց նա։  

Իսկանդարյանը հիշեցրեց, որ 2015 թվականին Իրանը ու Արևմուտքը համաձայնության եկել էին Վիեննայում, որը հետագայում խախտվել էր Միացյալ Նահանգների կողմից՝ միակողմանիորեն դուրս գալով և պատժամիջոցներ կիրառելով Իրանի նկատմամբ։  

«Պատժամիջոցները էականորեն ազդում էին Իրանի տնտեսության վրա, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նշել էր բազմիցս, որ եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահը չկատարի իր նախընտրական խոստումը, այն է՝  նորից վերադառնալ միջուկային ծրագրին, ապա իրենք ևս դուրս կգան այդ պայմանագրից, և դա չեղյալ կհայտարարվի»,- ասաց նա։  Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը փորձում է կատարել իր նախագահական խոստումը և աստիճանական կարգով վերադառնալ պայմանագրին։  

«Երեկ փաստացի կնքվել է մի համաձայնություն, որով պատժամիջոցները ժամանակավորապես՝ 180 օր, կդադարեցվեն, և այդ ընթացքում պետք է տեսնեն, թե Իրանը ինչ գործիքակազմ է ընդունելու, որի համաձայն՝ ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) մասնագետները պետք է ստուգումներ և մշտադիտարկումներ անեն Իրանում, և դրանից հետո միայն կկարողանանք խոսել վերջնական պայմանագրի մասին, այսինքն՝ մենք այսօր վերջնական պայմանագրի մասին չենք խոսում։ Սա ժամանակավոր պայմանագիր է, որը չեղարկում է որոշ պատժամիջոցներ»։  

Հարցին՝ պատժամիջոցների վերացումը ի՞նչ ազդեցություն կթողնի Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, իրանագետը պատասխանեց․«Ես արդեն նշեցի՝ սա ժամանակավոր պայմանագիր է, բայց եթե սա վերաճի հիմնական պայմանագրի՝ առաջին հերթին պատժամիջոցներից թոթափված մեր հարևանը կկարողանա շտկել իր մեջքը տնտեսության ոլորտում, և արդեն այն պրոեկտները, որոնք կապված են ֆինանսների բացակայության հետ՝ պետք է, որ իրականություն դառնան և դրանց իրականացման պարագայում, բնականաբար, Հայաստանի դեպքում էլ՝ կտեսնենք տնտեսական շարժեր»։  Իրանագետը նշեց, որ Իրանի բանկային համակարգը այս պահին գտնվում է պատժամիջոցների տակ, և այն երկրները, որոնք համարձակվում են Իրանի հետ բանկային գործարքներ կնքել՝ դրանք ևս ընկնում են պատժամիջոցների տակ։  

«Յուրաքանչյուր երկիր փորձում է այնպիսի քաղաքականություն վարել, որ խուսափի դրանցից, սակայն մենք, ի տարբերություն հարևան Վրաստանի, որը ամբողջովին դադարեցրել է իր հարաբերությունները Իրանի հետ՝ ունենք բավականին ջերմ և դինամիկ հարաբերություններ և  փորձում ենք այնպիսի ոլորտներում համագործակցել, որոնք պատժամիջոցների տակ չեն գտնվում», - հավելեց նա։