Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«2020 թ.-ին Հայաստանում գյուղատնտեսությունը միակ «լուսավոր կետն» էր»․ Համաշխարհային բանկ

«2020 թ.-ին  Հայաստանում գյուղատնտեսությունը միակ «լուսավոր կետն» էր»․ Համաշխարհային բանկ
Տնտեսություն
12:46, 19 февраль 2021
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ամսական տեսության համաձայն՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,8 տոկոսով։  Ըստ ՀԲ-ի՝  2020 թ. ՀՀ-ում  գյուղատնտեսությունը միակ «լուսավոր կետն» էր, որը չորս տարի շարունակ անկում արձանագրելուց հետո 2020թ. աճեց 1.4 տոկոսով։

Բանկի տվյալներով՝  2021թ. հունվարի կեսերի դրությամբ, ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է 10 տոկոսով՝ համեմատած 2020թ. սեպտեմբերի վերջին նախքան հակամարտության սրացման մակարդակի հետ: 
«Դեկտեմբերին վարկերը (ճշգրտված փոխարժեքային փոփոխություններով) ամսական կտրվածքով կրճատվեցին 0,5 տոկոսով՝ պայմանավորված առևտրային ու սպառողական վարկերի կրճատմամբ: Վարկերի տարեկան աճի մակարդակը շարունակեց նվազել՝ 2016թ. վերջից ի վեր առաջին անգամ հասնելով 10 տոկոսից ցածր մակարդակին»,- նշված է ՀԲ զեկույցում։ 

«Հունվարին պահուստները նվազեցին 200 մլն ԱՄՆ դոլարով, բայց հունվարի վերջին, երբ պահուստները կազմեցին 2.4 մլրդ ԱՄՆ դոլար, դեռևս ապահովվեց մոտավորապես 4.7 ամսվա ներկրումային ծածկույթ: Փետրվարի սկզբին պահուստներն է´լ ավելի մեծացան ի հաշիվ 750 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ եվրոպարտատոմսերի չորրորդ թողարկումից ստացված միջոցների (այս թողարկման եվրոպարտատոմսերն ունեն 10 տարվա մարման ժամկետ և մինչ օրս տվյալ պարտատոմսերի թողարկումների համար գրանցված ամենացածր եկամտաբերություն՝ մոտ 3.9 տոկոս)»,- ասված է բանկի ամենամսյա տեսությունում։

ՀԲ տեսության համաձայն՝  Երևանում փետրվարի առաջին շաբաթում մարդկանց շարժունակությունը կայունացել է՝ հասնելով նախահամավարակային ցուցանիշի 75 տոկոսի։ Ակնկալվում է, որ ավելի մեծ թվով ուղևորափոխադրումներ կվերսկսվեն Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի ու Իրանի հետ: