Քաղաքացիակենտրոն
լրատվություն

80 գործատուների մասնակցությամբ Աշխատանքի տոնավաճառ է անցկացվել Տնտեսագիտական համալսարանում

80 գործատուների մասնակցությամբ Աշխատանքի տոնավաճառ է անցկացվել Տնտեսագիտական համալսարանում
Տնտեսություն
18:01, 05 май 2023
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, այսօր կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի 80 առաջատար գործատուներ՝ նախարարություններ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ։

Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հյուրեր, որոնք շրջեցին տաղավարներով, զրուցեցին գործատուների և տոնավաճառի մասնակիցների հետ։ «Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումը ցանկացած ձևաչափով կարևոր է․ նախ՝ մեր կրթական ծրագրերի գործնական կողմը զարգացնելու, ապա նաև՝ աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունն ապահովելու տեսանկյունից։ Մենք տարբեր ձևաչափերով իրականացնում ենք այս կապի ամրապնդումը։

Մասնավորապես, գործատու գործընկերների հետ ավելի քան 200 համագործակցության հուշագիր ենք ստորագրել, ինչը թույլ է տալիս ուսանողների փորձառությունը կազմակերպել այդ ընկերություններում, միաժամանակ՝ օգնել մեր գործընկերներին կադրերի ընտրության հարցում և դրանով նպաստել ուսանողների ինտեգրմանը աշխատաշուկային»,- նշել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ Աշխատանքի տոնավաճառը հնարավորություն է ստեղծում, որ գործատուների բազմազան առաջարկներից ուսանողներն ընտրեն իրենց նախասիրություններին, կարողություններին, անձնային որակներին համապատասխան աշխատանք։