Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՏՄ տարածքում ամենացածր գնաճերից մեկը Հայաստանում է, իսկ տնտեսական ակտիվությունը ռելոկանտներով ու վերաարտահանմամբ է պայմանավորված. տնտեսագետ

ԵԱՏՄ տարածքում ամենացածր գնաճերից մեկը Հայաստանում է, իսկ տնտեսական ակտիվությունը ռելոկանտներով ու վերաարտահանմամբ է պայմանավորված. տնտեսագետ
Տնտեսություն
13:45, 26 май 2023
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին երեկ՝ մայիսի 25-ին, քննարկվել է նաև ԵԱՏՄ երկրների տնտեսական վիճակը։ ՌԴ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում բավական ակտիվ է եղել տնտեսական համագործակցությունը։

Քննարկման արդյունքում նաև պարզվել է, որ Հայաստանում է գրանցվել տնտեսության աճի ամենաբարձր ցուցանիշը։ Այս համատեքստում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում 2022թ. արձանագրվել է 12,6 տոկոս, իսկ ընթացիկ տարում՝ 12,1 տոկոս տնտեսական աճ։ 
Civic.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը նշեց, որ ԵԱՏՄ ասելով հիմնականում հասկանում ենք այն երկրները, որոնց մի մասը պատժամիջոցների տակ է, օրինակ՝ Ռուսաստանը, Բելառուսը. «Բնականաբար այս երկրները տնտեսական աճ ցուցադրել չեն կարող։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը փոքր տնտեսություն է, և տասնյակ հազարավոր ռելոկանտների (ռուսաստանյան ու Ռուսաստանում գործած արտասահմանյան ընկերությունները, որոնք տեղափոխվել են Հայաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով) մուտքը Հայաստան ու այն դրամական փոխանցումները, որոնք արվում են, վերջին ինը տարվա ընթացքում կարող են տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունենալ»։

Տնտեսագետի մեկնաբանմամբ՝ խնդիրը Հայաստանի փոքր տնտեսությունն է, այսինքն՝ 120.000-150.000 հոգու գալը Հայաստան կամ ամսվա կտրվածքով 300-500 մլն դոլար Հայաստան փոխանցելը պահանջարկ է ձևավորում առանձին ոլորտներում: «Օրինակ՝ ծառայությունների ոլորտում բավական բարձր աճ է ապահովվել, ինչը տնտեսական աճի վրա լուրջ ազդեցություն է ունենում»,- նշեց նա։ 
Արմեն Քթոյանի խոսքով՝ տնտեսական աճը երկու հիմնական գործոնով է պայմանավորված. առաջին գլխավոր գործոնը ռելոկանտներն են, որոնք իրենց տնտեսական ակտիվությունը տեղափոխել են Հայաստան: «Դրա շնորհիվ հանրային սննդի ոլորտում ունենք 30 տոկոսը գերազանցող աճ, ֆինանսների հատվածում ևս ունենք 30 տոկոսը գերազանցող աճ, ՏՏ ոլորտում ունենք 80 տոկոսը գերազանցող աճ, եթե չորս ամիսների կտրվածքով ենք նայում»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ երկրորդ գործոնը արտաքին տնտեսական ակտիվացումն է. «Եթե նաև արտահանման ու ներմուծման, այսինքն՝ արտաքին տնտեսական ակտիվացումը դիտարկենք, ինչը ևս ռուսական տնտեսության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կողմնակի արդյունք է, ապա հաշվի առնելով, որ այնտեղ ազատվել են զգալի շուկայական խորշեր, ապա մեր ընկերությունները փորձում են այդ խորշերը լցնել վերաարտահանման միջոցով»։  

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից վերաարտահանման ծավալների մեծացմանն ու ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների վտանգին, տնտեսագետն ընդգծեց, որ ԵՄ-ի կողմից դեռևս փորձագիտական մակարդակում են հնչեցվում  գնահատականներ, կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ դրանց պետք չէ լուրջ վերաբերվել. «ՀՀ կառավարության հավաստմամբ՝ իրենք աշխատում են արևմտյան գործընկերների հետ, փորձում են հստակեցնել, որ վերաարտահանումը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք երկակի նշանակություն ունեն և կարող են օգտագործվել և ռազմական հակամարտության մեջ, և քաղաքացիական ենթակառուցվածքների համար, ինչպես նաև փորձում են հստակեցնել, որ  պատժամիջոցները շրջանցելու նպատակ չեն հետապնդում։ ԵՄ պատժամիջոցները ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական տիրույթում են, և այս պահին նախադրյալներ չկան Հայաստանին պատժամիջոցների ենթարկելու»։

Ինչ վերաբերում է Հայաստանում տիրող գնաճին՝ տնտեսագետը նշեց, որ հիմա աշխարհում գլոբալ մասշտաբով գնաճի թուլացում է նկատվում. «Գնաճի բարձր մակարդակը մեզ մոտ ներմուծման բնույթ ուներ և պայմանավորված էր առաջին հերթին պարենի համաշխարհային շուկաներում գների բարձր մակարդակով, նաև էներգակիրների գների բարձր մակարդակով։ Հիմա այդ երկու ուղղություններով էլ գների որոշակի թուլացում կա, և դա չի կարող չանդրադառնալ մեզ մոտ գների զսպման վրա։ Մենք ունենք ԵԱՏՄ տարածքում ամենացածր գնաճերից մեկը»։ 

Նարա Մարտիրոսյան