Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պատրաստ ենք միավորել մեր ուժերը իրանցի գործընկերների հետ և միասին նոր շուկաներ գրավել. Վահան Քերոբյան

Մենք պատրաստ ենք միավորել մեր ուժերը իրանցի գործընկերների հետ և միասին նոր շուկաներ գրավել. Վահան Քերոբյան
Տնտեսություն
19:28, 28 июнь 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին մասնակցել են Prom Expo և IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին. տեղեկացնում ենՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայկական և իրանական շուրջ 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակից ընկերությունները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, սննդի, տեքստիլի, դեղագործության, բժշկական սարքավորումների արտադրություն և այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ։

Համաժողովի նպատակն է խթանել հայ-իրանական առևտրային հարաբերությունների զարգացումը, գործարկել ներկրման և արտահանման նոր ձևաչափեր, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումները հավասար կարևորություն ունեն երկու երկրների համար․ իրանցի գործընկերների համար սա լավ հնարավորություն է բացահայտելու Հայաստանի միջոցով Եվրասիական տնտեսական միության և այլ երկրների շուկաներ դուրս գալու հնարավուոթյուններ։ «Մենք պատրաստ ենք միավորել մեր ուժերը իրանցի գործընկերների հետ և միասին նոր շուկաներ գրավել։ Իրանը ակտիվ խրախուսում է գիտելիքահեն ընկերությունների ստեղծումը և առաջխաղացումը, մենք նույնպես մեր տնտեսական քաղաքականության մեջ որդեգրել ենք այդ մոտեցումը,և այստեղ նույնպես մեր մոտեցումներն ու հայացքները խաչվում են», - հավելել է Վահան Քերոբյանը։

Միաժամանակ նախարարի պաշտոնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-իրանական տնտեսական կապերի ու առևտրային հարաբերությունների ակտիվացմանն ու ընդլայնմանը։

ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորվել է կայուն համագործակցություն, և իրանական գիտահեն կազմակերպությունները պատրաստ են իրենց գիտելիքը, փորձն ու տեխնոլոգիաները փոխանցել հայկական կողմին՝ բարձրագույն տեխնոլոգիաների և նանոտեխնոլոգիաների ոլորտում ևս փոխգործակցելու նպատակով։

«Նմանատիպ համաժողովների կազմակերպումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել այն ներուժը, որն առկա է իրանական կողմում և բարենպաստ հող պատրաստել այս ուղղությամբ երկկողմ համագործակցություն ձևավորելու համար», - նշել է դեսպանը։

Համաժողովի ընթացքում հայ և իրանցի գործարարների միջև կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են գործարար նոր կապերի ստեղծման հնարավորությունները։