Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այժմ տրանսվերտներն ավելի մեծ թափով են գալիս Հայաստան. ԿԲ նախագահը՝ դրամի տատանումների մասին

Այժմ տրանսվերտներն ավելի մեծ թափով են գալիս Հայաստան. ԿԲ նախագահը՝ դրամի տատանումների մասին
Տնտեսություն
18:58, 30 июнь 2021
Այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2020 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվությունը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հետաքրքրվեց, թե ինչով են պայմանավորված դրամի տատանումները: «Պատերազմից հետո դրամը շատ կտրուկ արժեզրկվեց, իսկ վերջին շաբաթներին շատ կտրուկ արժևորվեց: Ո՞ր գործոններն են ազդել արժեզրկման և արժևորման վրա»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան ԿԲ նախագահը հայտնեց, որ իրենց համար կարևորը գների կայունությունն է: «Ինչպես գիտեք, ՀՀ-ում փոխարժեքը ազատ լողացող է, ինչը թույլ է տալիս տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմիններին լինել ավելի ճկուն: Փոխարժեքի տատանումները ես կտրուկ չէի անվանի, որովհետև մեր համադրելի երկրներում փոխարժեքը շատ ավելի կտրուկ տատանումներ է ունեցել, մանավանդ հաշվի առնելով պանդեմիան և պատերազմը»,- ասաց ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանի խոսքով` այս պահի դրությամբ արտարժութային միջոցների առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը. «Որովհետև մենք ունենք դրական ազդակներ. մեր գործընկեր երկրներում տնտեսական աճն ավելի լավն է, տրանսվերտները ավելի մեծ թափով են գալիս Հայաստան, որոշակի առումով վերականգնվել է տուրիզմը, և, ինչն ամենակարևորն է, պղնձի գինը պատմական մաքսիմումին մոտ գտնվող մակարդակի վրա է»: