Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Չարչյանի գործը կքննի Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Նարեկ Սարգսյանի և Վազգեն Մանուկյանի գործերով դատավոր Վահե Միսակյանը

Արմեն Չարչյանի գործը կքննի Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Նարեկ Սարգսյանի և Վազգեն Մանուկյանի գործերով դատավոր Վահե Միսակյանը
Իրավունք
18:23, 07 июль 2021
«Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի գործը երեկ՝ հուլիսի 6-ին ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել՝ դատավոր Վահե Միսակյանին։

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

«Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենին մեղսագրված Քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ) սահմանված է պատիժ՝ 4-7 տարի ժամկետով ազատազրկում։
 
Նշենք, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված է որպես պատգամավորի թեկնածու և 20-րդն է։ Դաշինքն ԱԺ-ում կարող է վերցնել 29 մանդատ։

Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում և դատաքննության փուլում են նաև քաղաքական աղմկահարույց գործերից մի քանիսը՝ մասնավորապես Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի,  Բարսեղ Բեգլարյանի քրեական գործերը։ Վահե Միսակյանը քննում էր նաև որոշ քաղաքական գործիչների հետ առնչություն ունեցող անձանց գործերը՝ այդ թվում Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Նարեկ Սարգսյանի գործը։