Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչը դատարանը բեկանել է «News.am»-ն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով վճիռը և ուղարկել նոր քննության. երեկ տեղի է ունեցել առաջին նիստը

Վերաքննիչը դատարանը բեկանել է «News.am»-ն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով վճիռը և ուղարկել նոր քննության. երեկ տեղի է ունեցել առաջին նիստը
Իրավունք
16:02, 15 сентябрь 2023
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Սաֆարյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «News.am»-ն ընդդեմ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գործով նախնական նիստը։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի հուլիսի 29-ին Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարել էր հետևյալ գրառումը. «Քոչարյանի կանտոռայից «նյուզ.ամ»-ին հանձնարարություն է իջեցվել շարք սկսել դատավորների անձնական որակների մասին, թե ինչ լավ մարդիկ են Հայաստանում արդարադատությունը բռնաբարածները»։ Եվ այս գրառումն էր հենց հանդիսացել որպես նրա դեմ հայցի հիմք։ 

Civic.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյաննն ասաց, թե ինչպիսի  իրավիճակ է եղել այդ ժամանակ, և ինչ համատեքստում է նա կատարել այդ գրառումը։  

«Կար Ռոբերտ Քոչարյանի գործի հարուցման պրոցեսը, այդ ժամանակահատվածում գիտեք՝ ինչ տրամադրություններ էին դատական համակարգում, ովքեր անհանգստանալու պատճառ ունեին՝ բնականաբար դիմադրում էին, և ակնհայտորեն ոչ իշխանական ԶԼՄ-ները, որոնք փորձում էին կամ իրենց դիրքավորել անկախ, կամ բացահայտ սատարում էին Քոչարյանին, այդ ժամանակահատվածում սկսեցին հարցազրույցների շարքեր անել դատավորների որակների մասին։ Ու հիմնականում այն դատավորներն էին, որոնց մի մասին հետագայում սեփական վարույթներով պաշտոնաթող դարձրին, այսինքն՝ իրենք գիտեին, թե որ դատավորներն են խոցելի գործերի առումով, և փորձում էին ներկայացնել նրանց մարդկային կերպարը, հոբբիները, թե ինչքան լավ մարդիկ են, ինչքան խիզախ դատավորներ են, ինչքան լավ արդարադատություն են իրականացնում. այս տեսակ շարքեր էին գնում: Այդպիսի մի հոդված էլ տպագրվել էր «News.am»-ում, որ ես տարածել էի և գրառում էի կատարել։ Դե քանի որ Քոչարյանի կանտոռան միշտ, նույնիսկ իր իշխանության տարիներին հայտնի է եղել ԶԼՄ-ներին ցուցումներ տալով նախագահականից»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Նա նշեց, որ այդ մասին նույնիսկ մամուլի ազատության վերաբերյալ միջազգային զեկույցներում է նշվել, ՀՀ մամուլում է գնացել այդ ահազանգը, և հեռուստաընկերություններից սկսած՝ բոլորն էլ գտնվում էին վերահսկողության տակ։ 

«Հիմա այդ գրառման հետ կապված «News.am»-ը դիմել է, որ ինձ ներկայացրել եք որպես հանձնարարություն կատարող և դրանով արատավորել եք մեր բարի համբավը։ Երկու տարի դատական նիստ գնաց, դատավորը հայտնի Ալեքսեյ Սուքոյանն էր, որը հենց վեթինգի դեմ ճակատի ակտիվ ներկայացուցիչներից էր։ Մի խոսքով՝ ոչ ամենևին պատահականորեն, «News.am»-ի գործը մակագրվեց Ալեքսեյ Սուքոյանին։ Եվ հենց դատաքննության փուլից դատավորն իր խոսքում ասաց, որ ինքը բավարարելու է մյուս կողմի շահերը, երբ որ ապացույցները հետազոտված չեն։ Մենք բացարկի միջնորդություն ներկայացրինք, ինքը չընդունեց բացարկը, մինչև վերջ տարավ, անարդար որոշում կայացրեց»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Այնուհետև Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ դատավորը դրել էր ապացուցման մի բեռ, որ իրենք պետք է ապացուցեն, որ Քոչարյանի «կանտոռան հանձնարարություն է տվել, իրենք էլ ասում են՝ նախ «News.am»-ը չի կարող այդպիսի հայց ներկայացնել, այլ կարող է ասել՝ ապացուցեք, որ մենք հանձնարարություն կատարել ենք։ Քաղաքագետի խոսքով՝ ինքը գրել է, որ Քոչարյանի «կանտոռան» հանձնարարություն է իջեցրել, դա չի նշանակում, որ «News.am»-ը դա կատարել է։    

«Մի խոսքով՝ այդպիսի խախտումներով գործը քննվեց, ի վնաս ինձ որոշում կայացրեց Ալեքսեյ Սուքոյանը, որից քիչ հետո ինքը պաշտոնազրկվեց, որովհետև մեկ այլ գործով էլի հասցրել էր խախտումներ թույլ տալ, և մենք բողոքարկեցինք այդ որոշումը Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանը, բարեբախտաբար, բեկանեց որոշումը և ուղարկեց նոր քննության։ Երեկ արդեն նոր դատավորի մոտ նոր քննություն է սկսվել, և երեկ նախնական դատական նիստն էր, որի ընթացքում ճշտվում էր հայցի հիմքը, առարկան, մի քանի սահմանափակումներ կան, որպեսզի գործն անվերջ չձգձգվի, դատավորը դրա մասին տեղյակ պահեց, ինչը հունից հանեց «News.am»-ի փաստաբանին, թե ինչու ինքը չի կարդացել նոր եկել և այլն, բայց դատավորը շատ հետաքրքիր, լավ ու արդար սահմանափակումներ է դրել, որովհետև ըստ էության այդ գործը 2 տարի է՝ քննվում է ոչ թե նրա համար, որ Ստեփան Սաֆարյանը շահագրգռված չի այդ գործի քննությամբ, այլ որովհետև մշտապես միջնորդությունները ներկայացվում էին վերջին օրով, և դատական նիստից ուղիղ մեկ օր առաջ կամ նույն օրը ստանում էիր միջնորդություն, որին չէիր հասցնում ոչ ծանոթանալ, ոչ արձագանքել, ստիպված հաջորդ օրը գնում էիր ասում՝ ժամանակ տվեք։ Այս կարգի սահմանափակումներ է դրել դատավորը, որ էլ նման բան չլինի»,- ասաց քաղաքագետը։

Ի հավելումն՝ քաղաքագետը նշեց, որ իրենք մշտապես բախվել են այդ պրոբլեմին, սա հայտնի ձեռագիր է, չնայած դա չխանգարեց հայցվոր կողմի փաստաբանին երեկ կանգնել ու հայտարարել, թե պատասխանող կողմը չարաշահում է իր պաշտպանական իրավունքը։  
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ որքան էլ զավեշտալի է, բայց այդ ամենը  ավելի շատ վերաբերում է հայցվոր կողմին, և դատավորը երեկ շատ հանգամանորեն ներկայացրեց այն առանձնահատկությունները, որով տեղի է ունենալու հայցի նոր քննությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին։

Լիլիթ Թադևոսյան