Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն ինչ անելու են, որ Առուշանյանին կալանավորեն․ այդ կինը ցուցմունք է տվել․ Վահե Հակոբյանը՝ Քարահունջի ձերբակալված ղեկավարի մասին

Ամեն ինչ անելու են, որ Առուշանյանին կալանավորեն․ այդ կինը ցուցմունք է տվել․ Վահե Հակոբյանը՝ Քարահունջի ձերբակալված ղեկավարի մասին
Իրավունք
13:33, 08 июль 2021
Ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն այսօր խուզարկություն է իրականացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, խուզարկում են իրավաբանի աշխատասենյակը՝ անհիմն փաստարկներով։ 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Իրենց սովորական ձեռագիրն է, մեկից ինչ-որ ցուցմունք են կորզել ու դրա հիման վրա հարուցել են քրեական գործ ու անում են քննչական գործողություններ։ ԱԱԾ-ից էլ են մարդիկ եկել․ իրենք իրենց ձեռագիրը չեն փոխում, հատուկ գրոհայիններով եկել են։ Սյունիքում այսօր 15-ից ավել քննչական խմբեր են՝ և՛ ՊԵԿ-ի, և՛ Ոստիկանության, և՛ ԱԱԾ-ի»,-ասել է նախկին ԱԱԾ-ական Վահե Հակոբյանը ։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ խուզարկում են նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը՝ Հակոբյանն ընդգծել է, որ թե՛ դա, թե՛ կոմբինատի խուզղարկությունը, թե՛ երեկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելը դիտարկում է մեկ շղթայի մեջ։ Նրա տեղեկացմամբ՝ Փարամազյանից բացի՝ խուզարկում են նաև կոմբինատի 4-5 այլ աշխատակիցների բնակարաններ։

«Սա քաղաքական ենթատեքստ ունի։ Ես համոզված եմ՝ իրենք ամեն ինչ անելու են, որ Առուշանյանին կալանավորեն, դրա համար նպատակային ցուցմունք կորզեցին։ Թիրախ ընտրեցին կին համայնքապետի՝ Քարահունջի ղեկավարին, փորձեցին «կոտրել», ինչպես հասկացա՝ այդ կինը ցուցմունք է տվել, սա սուտ մատնություն կարելի է դիտարկել այդ կնոջ կողմից։ Իրեն չեմ մեղադրում, ամեն մեկը չի կարող դիմանալ թիրախավորմանը»,-ասաց նա։

Հակոբյանը սպառնացել է ամեն ինչ պատմել ԱՄՆ դեսպանին․ «Մեր պայքարն իրավական դաշտում է լինելու, նաև խնդիրները հանրայնացնելու ճանապարհով կգնանք։ Այսօր հանդիպելու եմ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին և պատմելու եմ, թե ինչեր են այսօր կատարվում մեր «ժողովրդավար» վարչապետի կողմից»։

Աղբյուր՝ tert.am