Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
22:50, 20 сентябрь 2023
2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային  հավաքի ընթացքում, հավաքի մասնակիցների շրջանում հրապարակայնորեն հնչեցված՝ անկարգություններ իրականացնելու հրապարակային կոչերից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին՝ սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ: 

Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պապհանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ  հասցնելով և նրանց, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ նետելով։
Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում է նախաքննություն։

Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: