Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
18:47, 21 сентябрь 2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երրորդ բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևան քաղաքի Խանջյան փողոցում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է հայհոյանքներով, կամ անպարկեշտ արտահայտություններով, կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, խափանելով տրանսպորտային եթևեկությունը, հարվածներ են հասցրել փողոցի այդ հատվածով երթևեկող ավտոմեքենային, վնասել այն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: