Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդազարյանի գործով դատարանի որոշումը կբողոքարկվի, իր պաշտոնավարման կասեցման որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ․ Աբրահամյան

Ռուբեն Վարդազարյանի գործով դատարանի որոշումը կբողոքարկվի, իր պաշտոնավարման կասեցման որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ․ Աբրահամյան
Իրավունք
17:29, 09 июль 2021
Դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել է ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի բողոքը և պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները: Այս մասին այսօր Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը։ 

Civic.am-ը կապ հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի պատասխանատու Լիլիթ Շաբոյանի հետ՝ ճտելու արդյո՞ք ԲԴԽ-ն կատարելու է դատարանի որոշումն ու վերականգնելու է Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

«ԲԴԽ-ն դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումները՝ օրինական ակտերը կատարում է առանց որևէ քննարկման։ Սակայն այս պահին օրինական ուժի մեջ մտած որոշում չկա, քանի որ պարոն Վարդազարյանի գրած որոշումը ենթակա է բողոքարկման։ Դատարանի որոշման վերաբերյալ կարծիք հայտնել չենք կարող, որովհետև մենք կողմ չենք հանդիսանում և գործի նյութերին ծանոթ չենք»,-պատասխանեց Լիլիթ Շաբոյանը։ 

Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ մեզ հետ զրույցում հիշատակեց, որ դատարանի որոշումը հրապարակվել է դեռ մայիսի 31-ին, իսկ տեքստը ստացել են երեկ չէ առաջին օրը․ «Բողոքարկման համար նախատեսված է 10 օր, բայց դա չի փոխում այն փաստը, որ որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է և պետք է կատարվի անկախ բողոքարկումից»,-հավելեց նա։   

Մեր հարցին ԲԴԽ-ից հայտնեցին, որ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում՝ փաստաբանն արձագանքեց․ «Ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ն նման բան կարող է ասել, որովհետև ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, հավանաբար նկատի ունեք մամուլի պատասխանատուին։ Դա քրեական դատավարության սխալ մեկնաբանության արդյունք է։ Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ նման որոշումները հրապարակման պահից ուժի մեջ են, թե ի՞նչ պատճառաբանությամբ ԲԴԽ-ն պետք է չկատարի՝ դեռ կտեսնենք»։  

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ  առաջիկայում կբողոքարկվի Ռուբեն Վարդազարյանի գործով դատարանի որոշումը և նրա լիազորությունները դեռևս շարունակելու են կասեցված մնալ․ «Իրեն մեղադրանք է առաջադրված և դատարանի որոշումը բողոքարկվում է, քանի դեռ քրեական հետապնդումը իր նկատմամբ չի դադարեցվել իր պաշտոնավարման կասեցման որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ»։ 

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը։ 

Ըստ մամուլի հրապարակումների՝ Վարդազարյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։ Հրապարակումների համաձայն՝ Ռուբեն Վարդազարյանը ճնշում է գործադրել նախկին դատավոր, ներկայիս ԱԱԾ պետի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի նկատմամբ՝ կալանքի մեջ գտնվող, սպանության մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանին ազատելու համար։ Վարդազարյանը լրատվականների հետ զրույցում ասել էր, որ իր և ԱԱԾ պետի տեղակալի միջև առերեսում է եղել և նա պնդել է իր ցուցմունքը։ 

Նշենք, որ ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը չէր բավարարել Վահագն Աբգարյանի պաշտպանի միջնորդությունը՝ կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ, և այդ որոշումը կարող էր բողոքարկվեր Վերաքննիչ քրեական դատարանում։ Իսկ վերջերս հրապարակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի ձայնագրությունը՝ ըստ որի Ռուբեն Վարդազարյանը իրեն ևս պարտադրել է Վահագն Աբգարյանին ազատ արձակել՝ պատճառաբանելով Աբգարյանի պաշտպանությամբ հանդես եկող, «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի կողմից իրեն տևական ժամանակ շանտաժի ենթարկելու հանգամանքը։

ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը իր դեմ քրեական գործ հարուցելու և իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշումները բողոքարկում է դատարանում՝ հիմքում դնելով իր անձեռնմխելիության հարցը։  

Նարա Մարտիրոսյան