Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննախադեպ քանակի ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ինչպե՞ս կարող ենք համադրել ձեր պնդումների հետ. Արտակ Գալստյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Աննախադեպ քանակի ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ինչպե՞ս կարող ենք համադրել ձեր պնդումների հետ. Արտակ Գալստյանը՝ Տիգրան Մուկուչյանին
Իրավունք
12:43, 12 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«Հայոց հայրենիք» կուսակցությունը ներկայացնող Արտակ Գալստյանը, հղում անելով հունիսի 19-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բացահայտված են աննախադեպ քանակի ընտրակաշառքի դեպքեր և աննախադեպ քանակի ընտրական այլ խախտումներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց. «Ձեր որոշումը ընտրությունները անվավեր չճանաչելու և պետության ամենաինֆորմացված մարդու այս հայտարարությունները ես ինչպե՞ս համադրեմ: Նիկոլ Փաշինյանը խայտառակ է որակել 2008-ի, 2013-ի, 2017-ի ընտրությունները: Եթե էսօր հայտարարում է, որ «աննախադեպ խայտառակ», սա նշանակում է, որ այս ընտրությունների խայտառակությունը 10 անգամ կամ մի քանի անգամ ավելի շատ է»: «Ես իմ պնդումները շարունակում եմ պնդել»,- արձագանքեց Մուկուչյանը:

Անդրադառնալով հոսանքազրկումների թեմային՝ Արտակ Գալստյանն ասաց. «Կարո՞ղ ենք արձանագրել, որ համատարած հոսանքազրկման ժամանակ մեր տեսախցիկները չեն արձանագրել, թե այդ պահին ինչ է տեղի ունեցել ընտրական տեղամասերում»:

«Կարո՞ղ ենք ընդունել, որ ոչ ԿԸՀ-ն, ոչ էլ ՏԸՀ-ները պատրաստ չեն եղել պատշաճ ընտրություններ անցկացնելուն, որովհետև ահռելի ծավալի պատճառով դուք թույլ եք տվել օրենքի գործող ընտրական կարգի խախտումներ»,- ԿԸՀ նախագահին հարցրեց Արտակ Գալստանը՝ ընդունելով, որ տեղի ունեցած վրիպակները, օրենքի խախտումները ունեցել են օբյեկտիվ պատճառով, քանի որ ընտրությունների կարգը փոխված է եղել, ծավալները եղել են աննախադեպ:

Մուկուչյանը նշեց, որ չնայած աշխատանքի ահռելի ծավալներին, որևէ ժամկետային խախտում չի եղել: