Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտարարագրում խախտումների փաստով Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին

Հայտարարագրում խախտումների փաստով Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին
Իրավունք
17:32, 12 июль 2021
ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննարկումն այսօր շարունակվեց ԲԴԽ նիստի ժամանակ։ 

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ռուբեն Վարդազարյանի հայտարարագրում խախտումներ էր հայտնաբերել և միջնորդել էր ԲԴԽ կարգապահական վարույթ հարուցելու համար։ 

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ նախորդ նիստին՝ հուլիսի 2-ին Ռուբեն Վարդազարյանի միջնորդությամբ նրան էին տրամադրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված նյութերը։ 

Նիստին ներկա չէր Ռուբեն Վարդազարյանը և ներկայացուցիչ ևս չէր ուղարկել։ 

Գագիկ Ջհանգիրյանը ընդգծեց, որ Ռուբեն Վարդազարյանը նյութերն ստացել է հուլիսի 2-ին և այս պահի դրությամբ որևէ պատասխան չունեն նրանից․ «Քանի որ ինքը գրել էր, որ պատրաստ է գրավոր պատասխանել հարցադրումներին ես ենթադրում եմ, որ մեր տրամադրած նյութերի հետ կապված մենք դեռ կստանանք գրավոր պատասխաններ»։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն անդրադառնալով վարույթի շրջանակում ներկայացված փաստաթղթերի հրապարակմանը մատնանշեց, որ ներկայացվել է միջնորդություն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 7 էջից բաղկացած, որոնց կից ներկայացվել են նաև փաստաթղթեր՝ ընդհանուր կազմով 110 էջ։

Նիստում որոշվեց, որ ապացույցները հրապարակելու անհրաժեշտություն չկա, խորհուրդը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նպատակով։

Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին ժամը 15։ 00-ին։  

ԲԴԽ անդամ Գրիքոր Բեքմեզյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռուբեն Վարդազարյանը հենց սկզբից հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու խորհրդի նիստին, և առաջարկել է, որ իրեն վերաբերող հարցերը գրավոր իրեն տան, որպեսզի ինքն էլ գրավոր պատասխանի․ «Քանի որ Դատական օրենսգիրքը չի նախատեսում նման գործընթաց և նման գործընթաց չի նախատեսում նաև Վարչական դատավարության օրենսգիրքը, որին մենք կարող ենք հղում անել, ապա այդ տարբերակը կիրառել չենք կարող։ Այսինքն կա տարբերակ, որ ինքը ստանում է հանձնաժողովի բացատրությունները և պատասխան է ներկայացնում գրավոր՝ մենք քննարկում ենք, հետո եթե էլի բացատրություններ են ներակայացվում մենք ուղարկում ենք իրեն, որ ինքն էլի պատասխան ներկայացնի։ Բայց ինքը ոչինչ չի ներկայացրել խորհուրդ, ուստի մենք ոչինչ չունեինք անելու, քան անցնել խորհրդակցական սենյակ»։

Հարցին՝ առաջին ատյանի դատարանը բավարարել է Ռուբեն Վարդազարյանի որոշումը և փաստաբանն ասում է, որ ԲԴԽ-ն պետք է կատարի այն՝ անկախ բողոքարկման հանգամանքից՝ Բեքմեզյանն արձագանքեց․ «Մենք Վարդազարյանի դիմումն ենք ստացել, և այսօր ստացել ենք դատարանի որոշումը։ Խորհուրդը նիստ կգումարի ու կքննարկի դատարանի որոշումը, և դիմումը և կկայացնի որոշում»։ 

Հարցին՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իշխելու փորձ արվու՞մ է խորհրդի անդամների նկատմամբ՝ ԲԴԽ անդամը պատասխանեց․ «Իմ նկատմամբ ծնողներիցս բացի իշխելու փորձ երբեք չի արվել՝ ընդ որում 17 տարեկանից հետո։ Բացառվում է ճնշել ԲԴԽ անդամին, եթե խորհրդի անդամը չունի իր հետևում թաքնված բաներ, որը որպես կոմպրոմանտ կարող են նրա առջև դնել և ասել՝ տես դու ժամանակին նման բան ես արել, արի դու գնա, որ մենք սա չբացահայտենք»։