Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար

Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար
Իրավունք
13:27, 13 июль 2021
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը հուլիսի 8-ին կալանավորվել է: Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:): Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: 

ՔԿ խոսնակը հայտնեց, որ այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև 3 այլ անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Նրանք նույնպես կալանավորվել են:

Հիշեցնենք, որ Դավիթ եւ Գոռ Համբարձումյանները մեղադրվում են նաև զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։

Համբարձումյանները 2018 թվականի Թավշյա հեղափոխության օրերին Երևանում եւ Արարատում բռնություն էին գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ։