Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սմբատ Բարսեղյանին՝ 25 տարի, Պավլիկ Մանուկյանին՝ 10, Վարուժան Ավետիսյանին՝ 9,5․ հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով վճիռը

Սմբատ Բարսեղյանին՝ 25 տարի, Պավլիկ Մանուկյանին՝ 10, Վարուժան Ավետիսյանին՝ 9,5․ հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով վճիռը
Իրավունք
12:55, 24 февраль 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր հրապարակեց 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով դատավճիռը։ 

Դատարանի որոշմամբ՝ խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ժամկետով։ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման․ հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը։ Խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց  9,5 տարվա ազատազրկման, Արեգ Կյուրեղյանը՝ 9 տարվա, Վարուժան Ավետիսյանը՝  9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։  Սեդրակ Նազարյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։

Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկանի սպանության մեղադրանքի մասով, սակայն դատապարտվեց  9,5 տարվա ազատազրկման, էդվարդ Գրիգորյանը՝ 8,5 տարվա, Մխիթար Ավետիսյանը՝  9,5 տարի ժամկետով ազատազրկման: 

Նշենք նաև, որ Արմեն Բիլյանի կալանքը հենց դատարանում վերացվեց, մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը նա կմնա ազատության մեջ: 

Գործով դատավորը տեղեկացրեց, որ ազատազրկման դատապարտված խմբի բոլոր անդամների դեպքում պատժաչափից կհանվի կալանքի տակ նրանց եղած ժամկետը և նրանք պատիժ կկրեն մնացած մասով։ 
 
Դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար: 

Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով: 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է դիպուկահարի կրակոցից։ Խմբի անդամներն առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։