Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաչատուր Սուքիասյանի եղբորը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի այսօր, Շենգավիթի դատարանում

Խաչատուր Սուքիասյանի եղբորը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի այսօր, Շենգավիթի դատարանում
Իրավունք
15:54, 20 июль 2021
Ռոբերտ Սուքիասյանի վերաբերյալ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի այսօր, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 17.00-ին՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ։ Այդ մասին Civic.am-ին հայտնեց Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ 

Նշենք, որ Ռոբերտ Սուքիասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

«Իմ պաշտպանյալին մեղադրանք դեռևս չի առաջադրվել։ Ըստ էության իմ պաշտպանյալն իր կողմից կատարված գործողություններն ընդունում է, բայց ես այս պահին որպես իրավաբան կարող եմ ասել, որ այդ գործողություններում հանցագործություն չեմ տեսնում»,- ասաց պաշտպանը։ 
   
Նա նշեց, որ ինքը չունի նման տեղեկություն՝ իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և հավելեց, որ որպես պաշտպան գոնե պետք է իմանար դրա մասին։ 
 
«Ես չգիտեմ էլ՝ կալանքի միջնորդությունը ոնց են ներկայացրել, ո՛չ դա եմ ստացել, ո՛չ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում եմ ստացել, թե էդ ինչի համար են կալանավորումը խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացրել՝ ինձ համար անհասկանալի է, առավել ևս այն պայմաններում, երբ անձն ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին, ներկայացրել է իր կատարած գործողությունները, ներկայացրել է նաև զենքը։ Հիմա դրանից հետո ինչն է պատճառը անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու»,- ասաց պաշտպանը։ 

Ի հավելումն՝ նա նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը, եթե նույնիսկ ինչ-որ այլ մտավախություն ունի, շատ այլ խափանման միջոցներ կան, որոնք կարելի է ընտրել։

Ըստ ՔԿ-ի՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ։ Նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։