Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի մարզի Նորամարգ համայնքում «Պատիվ ունեմի» կողմից ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Արարատի մարզի Նորամարգ համայնքում «Պատիվ ունեմի» կողմից ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
Իրավունք
18:08, 20 июль 2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքի` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հովհաննիսյանը նույն համայնքի երեք բնակչուհիների հետ նախնական համաձայնությամբ ավելի քան 40 ընտրողների առաջարկել և տվել են կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:

Վ. Հովհաննիսյանը, համակարգելով վերը նշված նախընտրական շտաբի աշխատանքները, 2021 թվականի հունիս ամսվա սկզբին նույն շտաբի աշխատակցուհի Ն. Մանուկյանի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Նորամարգ  համայնքի բնակիչներին մեկ ձայնի դիմաց 15.000 ՀՀ դրամի չափով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև` 2021 թվականի հունիսի 16-ին, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանին անձամբ տվել է նախ՝ 240.000 ՀՀ դրամ, ապա՝ 300.000 ՀՀ դրամ՝ ընտրողներին վերոհիշյալ նպատակով տրամադրելու համար:

Ն. Մանուկյանը, իր հերթին, ընտրողներ հավաքագրելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերջիններիս կաշառք տալու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Նորամարգ համայնքի բնակչուհիներ Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հունիսի 16-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում` Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանի հետ, իսկ վերջինս նաև Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ` խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընդհանուր 645.000 ՀՀ դրամ կաշառք են բաժանել Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների` յուրաքանչյուրին 15.000-ական ՀՀ դրամ:

Խմբի կազմում նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք առաջարկելու և տալու համար Վ. Հովհաննիսյանին, Ն. Մանուկյանին, Է. Կարապետյանին և Ի. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս մեղադրյալների նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: