Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ո՞րն է գերակա շահը իմ կալանքի տակ մնալու»․ Չարչյանը հաշվել է վնասները, թե որքան վիրահատություն և խորհրդատվություն է բաց թողել կալանավորման ընթացքում

«Ո՞րն է գերակա շահը իմ կալանքի տակ մնալու»․ Չարչյանը հաշվել է վնասները, թե որքան վիրահատություն և խորհրդատվություն է բաց թողել կալանավորման ընթացքում
Իրավունք
18:41, 20 июль 2021
Այսօր, երբ Արմեն Չարչյանի պաշտպանները միջնորդեցին, որպեսզի իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվի գրավով, ներկայացված միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը հայտնեց նաև Արմեն Չարչյանը։

Նա նշեց, որ այստեղ խոսք գնաց գերակա շահի մասին, բայց գերակա շահի իրական իմաստն ըստ նրա ոչ ոք չի կարող ասել․
«Ո՞րն է գերակա շահը իմ կալանքի տակ մնալու, և իմ կալանքի տակ չմնալու։ Իմ կալանքի տակ չմնալու գերակա շահը՝ դա ՀՀ քաղաքացիների առողջությունն է, որովհետև ես մի ամիս է կալանքի տակ եմ։ Ես յուրաքանչյուր ամիս անձամբ կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություն, որ մյուսները չեն կարողանում անել,կամ եթե անում են՝ ապա ո՛չ այն մակարդկաով, կամ ո՛չ այնպես ինչպես ես։ Ես հսկում եմ ամսական մոտավորապես 200-250 վիրահատությունների կատարում, այն կլինիկայում, որը ես եմ ստեղծել, որտեղ իմ աշակերտներն են աշխատում, և ես ամսվա ընթացքում կատարում եմ մոտավորապես 500-550 խոհրդատվություն և կոնսերվատիվ բուժում»,-ասաց Արմեն Չարչյանը՝ հավելելով, որ այս պահին այդ մարդիկ զրկված են իր կողմից կատարվող նշված գործողություններից, որն ինքը կատարում էր մինչև ազատությունից զրկվելը։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատավորը հեռացավ խոհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 12․00-ին։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: