Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեական գործով վկայի կարգավիճակ ունի 280 անձ, որոնցից որպես վկա է դատակոչվել 49-ը. դատախազը՝ Չարչյանի գործով նիստին

Քրեական գործով վկայի կարգավիճակ ունի 280 անձ, որոնցից որպես վկա է դատակոչվել 49-ը. դատախազը՝ Չարչյանի գործով նիստին
Իրավունք
19:13, 20 июль 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քննում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործը։ Այժմ դատարանը խորհրդակցական սենյակում է՝ Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Պաշտպանները միջնորդել են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ նվազագույնը 10 մլն ՀՀ դրամի չափով։

Դատախազությունը պահանջում է անփոփոխ թողնել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանմանբ միջոց կալանավորումը։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Մարգարյանն առարկեց Չարչյանի խափանման միջոցի փոփոխման դեմ՝ պնդելով, որ դեռևս առկա են կալանավորման հիմք հանդիսացող խոչընդոտման ռիսկերը։

«Քրեական գործով վկայի կարգավիճակ ունի 280 անձ, որոնցից որպես վկա է դատակոչվել 49-ը։ Մենք որևէ կերպ կասկածի տակ չենք դնում Արմեն Չարչյանի անձը բնութագրող հատկանիշները, բայց գտնում ենք, որ դա չի նվազեցնում ազդեցությունը»,-դատախազը գտնում է, որ պրոֆեսորն ունի հեղինակություն և կարող է ազդեցություն ունենալ գործի հետագա քննության վրա, ուստի, ըստ դատախազի, միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է մնա անփոփոխ։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ, արձագանքելով դատախազի առարկություններին, նշեց, որ նախաքննությունն ավարտվել է, հետևաբար այդ հանգամանքով պայմանավորված նվազել է նաև խոչընդոտման ռիսկը։ Փաստաբանը նկատեց՝ եթե խոսքը գնար առհասարակ ռիսկերի բացակայության մասին, միջնորդություն կներկայացվեր առհասարակ խափանման միջոցը վերացնելու մասին։

Հիշեցնենք, որ վերջինս հունիսի 23-ին կալանավորվել էր։ Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։