Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաչատուր Սուքիասյանի եղբորը կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը կկայանա վաղը

Խաչատուր Սուքիասյանի եղբորը կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը կկայանա վաղը
Իրավունք
20:50, 20 июль 2021
Այսօր, Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալման իրավաչափության և կալանավորման միջնորդության վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 17:00-ին դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայանալիք դատական նիստը հետաձգվեց և կկայանա վաղը՝  ժամը 16:00-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ։ Նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ 

Նշենք, նաև, որ Ռոբերտ Սուքիասյանը գործարար, ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայն է:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Երեկ հարուցված քրեական գործի շրջանակում Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է։ Դեպքի առնչությամբ հայտարարություն էր տարածել Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ բոլորն օրենքի առաջ հավասար են: 

«Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո»,- մասնավորապես գրել էր Սուքիասյանը: