Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սուքիասյանին կալանքի միջնորդություն ներկայացնելու պահին նրան մեղադրանք առաջադրված չի եղել․ այն ենթակա էր մերժման»․ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպանը կբողոքարկի դատարանի որոշումը

Այսօր, Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալման իրավաչափության և կալանավորման միջնորդության վերաբերյալ Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանը հրապարակեց որոշումը, որով մերժեց պաշտպանական կողմի բողոքը՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչել և բավարարեց մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունը՝ Ռոբերտ Սուքիասյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացնելով։ 

Պաշտպան Գոռ Միքայելյանը ոչ իրավաչափ համարեց Դատարանի որոշումը և նշեց, որ պատրաստվում են բողոքարկել այն։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ։ 

Սուքիասյանը ընդունում է, որ զենք է կիրառել, սակայն ինչպես նշեց իր պաշտպան Միաքայելյանը, այն իր մեջ հանցակազմ չի պարունակում և զենքը գործադրվել է ինքնապաշտպանական նպատակներով։

Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք չէր առաջադրվել, վերջինս ունեցել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, մեղադրանքը առաջադրվել է կալանավորման միջնորդությունը ներկայացնելուց ժամեր անց, հետևաբար մեղադրող կողմի միջնորդությունը ենթակա էր մերժման։ «Դատավոր Վաչե Մարգարյանը ինչպես միշտ իր ցածրունքում է ու ինքը չի փոխվում։ Ինքը ինչ որոշում պետք է, այդ որոշումը կայացնում է՝ անկախ նրանից փաստական ինչ հանգամանքներ կան, դատավարական ինչ կարգավորումներ են նախատեսված։ Ինքը արդարադատություն չի իրականացնում», - ասաց Գոռ Միքայելյանը։

Ի դեպ, ուշագրավ է նաև հանգամանքը, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված չի, որ Ռոբերտ Սուքիասյանի հետ եղած մտերիմ անձանցից մեկը՝ Արման Ապիյանը ևս տուժել է միջադեպի ընթացքում, ով սուր, կտրող, ծակող գործիքից ստացված վնասվածքներով դիմել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այդ մասին, ի դեպ, հաղորդել էր Ոստիկանության պաշտոնական կայքէջը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան