Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ փուլում է ապօրինի հարստացման գործով դատարան ուղարկված առաջին քրեական գործը

Ինչ փուլում է ապօրինի հարստացման գործով դատարան ուղարկված առաջին քրեական գործը
Իրավունք
18:53, 22 июль 2021
Ապօրինի հարստացման գործերով մինչ այժմ դատարան է հասել ընդամենը մեկ գործ, որը նախնական դատաքննության փուլում է։ Գործը մեղադրական եզրակացությամբ 2021թ.-ի ապրիլին ուղարկվել է դատարան:  

Խոսքը վերաբերում է ԲՀԿ նախկին պատգամավոր և նրա որդուն՝ Արսեն Դավթյանին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածի 2-րդ մասով, այն է. «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»: 

Վերջիններիս գործով Երևանի ընդհանուր իրավասության Ավանի նստավայրում մայիսից ընթանում են դատական նիստեր, գործը գտնվում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարությում։ Այս ընթացքում գործով ապացույց են ճանաչվել ՔԿ ներկայացրած լազերային 3 սկավառակները։ 

Այս փուլում ենթադրյալ ապօրինի համարվող գույքի վրա կալանք դրված չէ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Դատարանը որոշել է, որ խափանման միջոցի փոփոխության կամ վերացման կարիք չկա։ Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 14-ին։ 

ԱԺ արտահերթ ընտրություններում Հրանտ Դավթյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 10-րդ համարն էր:

Փաստ է նաև, որ Հայաստանի մեծահարուստների և օլիգարխների առաջին 10-նյակում Հրանտ Դավթյանը չկա։
 
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2017-2020թթ. ՀՀ քրեական օրենսգրքի 3101 -րդ (ապօրինի հարստանալը), 3142-րդ (գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը) և 3143-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

Պարզվել է, որ 2017թ. ընթացքում վերոնշյալ հոդվածներով քրեական գործեր չեն հարուցվել, 2018թ.-ին հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 2019 և 2020թթ.-ին՝ 5-ական քրեական գործեր:  2018-2020թթ.-ին հարուցված և քննված վերոնշյալ քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննության արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է նշված քրեական գործերից 9-ի վարույթը, 3-ի նախաքննությունը շարունակվում է, 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքերով: Քննված քրեական գործերից 1-ը մեղադրական եզրակացությամբ 2021թ.-ի ապրիլին ուղարկվել է դատարան, որի քննությունն ընթացքի մեջ է: