Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Արմեն Դանիելյանն այսօր կքննի Մանվել Փարամազյանի խափանման միջոցի հարցը

Դատավոր Արմեն Դանիելյանն այսօր կքննի Մանվել Փարամազյանի խափանման միջոցի հարցը
Իրավունք
11:30, 26 июль 2021
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր կկայանա Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Դատական նիստը կկայանա ժամը 15։00-ին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 8-ին Մանվել Փարամազյանի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում Փարամազյանին բերման են ենթարկել Երևան՝ ԱԱԾ, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին, երբ կազմվել է ձերբակալման արձանագրությունը։ Պաշտպանները բողոքարկել են ձերբակալման իրավաչափության հարցը, սակայն մինչ դատարանը կքններ այն, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Փարամազյանին և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։ Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի ({արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: