Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Իրավունք
15:19, 26 июль 2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Քիչ առաջ Խորհուրդը՝ 9 անդամներով որոշում կայացրեց մերժել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած միջնորդությունը, որը նրա եկամուտների հայտարարագրում անճշտություններ էր նկատել:

Վարդազարյանը 2018-ին հայտարարագրել է 9 մլն 7 հազար 244 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։ Բացի այդ, նաև 3 անշարժ գույք՝ բնակարան, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով և բազմաբնակարան բնակելի շենք՝ բնակելի և ոչ բնակելի ընդհանուր օգտագործման տարածքներով, ինչպես նաև 1 ավտոմեքենա՝ «AUDI Q7» մակնիշի:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստացել է բանկային քաղվածքի տվյալները, որոնց համաձայն` առնվազն 3 տարի Վարդազարյանը նույն գումարն է մուտքագրել, որի հիմքերն առնվազն օրինականության տեսանկյունից անհայտ են եղել։

Վարդազարյանը չէր պատասխանել հանձնաժողովի հարցերին՝ հայտարարագրում եղած անհամապատասխանությունների մասով, ուստի հանձնաժողովը մյուս մանրամասները չի հանրայնացնում։ Վերջինս կարգապահական պատասխանատվության հարցով նիստերին չի ներկայացել։

Հիշեցնենք, որ 2019 թվականին ԲԴԽ նախագահի պաշտոնն ստանձնած Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին ապրիլին, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար: Վարդազարյանն էլ երկու բողոք էր ներկայացրել՝ մեկը իրեն որպես մեղադրյալ ներգրավելու համար, մյուսը՝ քրեական գործ հարուցելու։ Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ դատախազությունը հաշվի չի առել ԲԴԽ նախագահի գործառութային անձեռնմխելիությունը, պարզաբանելով, որ քրեական հետապնդումը չի հարուցվել նրա լիազորությունների իրականացման կապակցությամբ։

Առաջին բողոքը՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասով, դատարանը բավարարել է, դատավորը արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր Վարդազարյանին մեղադրյալ ներգրավելուց առաջ հաղթահարել նրա անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։ Դատարանի այս որոշումը ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: