Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Շահրամանյանի դիմումն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ․ Նա խնդրել էր Արցախի պաշտոնյաների կոռուպցիոն չարաշահումների մասին սոցցանցերի հրապարակումները ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում

Սամվել Շահրամանյանի դիմումն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ․ Նա խնդրել էր Արցախի պաշտոնյաների կոռուպցիոն չարաշահումների մասին սոցցանցերի հրապարակումները ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում
Իրավունք
12:00, 14 ноябрь 2023
ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Սամվել Շահրամանյանի կողմից ստացված դիմումը, որում վերջինս խնդրել էր Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն չարաշահումների մասին սոցցանցերում տեղ գտած հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, ուղարկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին civic.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Նշենք, որ «Արցախի տեղեկատվական շտաբ» կոչվող ֆեյսբուքյան  էջը նոյեմբերի 8-ին հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր․«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, «Արցախի տեղեկատվական շտաբ»-ը հորդորել էր ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին:

Ուշագրավ է, որ Արցախի նախագահի հրամանագրով Արցախի դատախազը, ինչպես նաեւ պետական կառավարման մի շարք մարմինների ղեկավարներ,  արունակում են պաշտոնավարել՝ չեն ազատվել զբաղեցրած պաշտոնից,  սակայն Սամվել Շահրամանյանը դիմել է ոչ թե Արցախի, այլ՝ ՀՀ դատախազությանը։ 

Նշենք, որ Արցախի  նախագահին կից նախկին Հակաճգնաժամային խմբի ղեկավար Տրրան Պետրոսյանը մեկ ամիս առաջ ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր «Արցախի ներդրումային հիմնադրամի» 30 խոշոր փոխառությունների ցուցակն ու գրել․ «Առաջին հորիզոնականը՝ Սերժի փեսու Մաղավուզի քարածխի հանքն է…Մնացածին ինքներդ ճանաչեք…»։