Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին
Իրավունք
20:05, 20 ноябрь 2023
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեսակցել են նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողին։ Այս մասին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից:
 
«Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողի առողջական վիճակին, բուժանձնակազմի հետ քննարկել են զինծառայողի առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր։
 
Վիրավորում ստացած զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։
Զինծառայողը պատմել է, որ ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորում է ստացել նոյեմբերի 18-ի առավոտյան ժամը 09։50-ի սահմաններում:
 
Պաշտպանի աշխատակազմը վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է հոսպիտալների ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։ Զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։