Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին դիզվառելիքի ներմուծմամբ զբաղվողի բեռները օրերով չեն կարողացել անցկացնել ՀՀ տարածք․ 45 օր հետո միայն, բեռը անցկացվել է ՀՀ տարածք՝ պայմանով, որ այլևս դիզվառելիք չեն ներմուծելու

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին դիզվառելիքի ներմուծմամբ զբաղվողի բեռները օրերով չեն կարողացել անցկացնել ՀՀ տարածք․ 45 օր հետո միայն, բեռը անցկացվել է ՀՀ տարածք՝ պայմանով, որ այլևս դիզվառելիք չեն ներմուծելու
Իրավունք
18:36, 05 август 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 5-ին վերսկսվեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ գործը մտել է դատաքննության փուլ։ Նախորդ նիստի ընթացքում՝ սույն թվականի հուլիսի 1-ին, մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը կարդաց մեղադրական եզրակացությունը։ Այսօր դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Գործի քննության ընթացքում, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսից․ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Ապացույցների հետազոտության ընթացքում դատավոր Միսակյանը գործից ընթերցեց գործով տուժող, ՀՀ դիզվառելիք ներմուծող ընկերություններից մեկի ներկայացուցչի՝ Ս․ Քոչարյանի դիմումը, որում նշվում էր մեխանիզմը, թե ինչպե՞ս է անհավասար պայմաններ ստեղծվել ներմուծողների միջև և իրենց կողմից ներմուծված դիզվառելիքը օրեր շարունակ չեն կարողացել անցկացնել ՀՀ տարածք և 45 օր հետո միայն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով, դիզվառելիքը կարողացել են անցկացնել ՀՀ տարածք՝ պայմանով, որ ՀՀ տարածք այլևս դիզվառելիք չեն ներմուծելու։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը ներկայացրեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի դիզվառելիքի ձեռքբերման համար պետական աջակցության ծրագրի շրջանակներում  գնառաջարկ են ներկայացրել երեք ընկերություն՝ «Սոբրանիե» ընկերությունը, «Մաքս Օիլ»-ը և «Ֆլեշ»-ը՝ համապատասխանաբար 430, 420 և 457 դրամ՝ մեկ լիտրի համար։ Ըստ գնումների մասին օրենքի, հաղթող պետք է ճանաչվեր ամենացածր գին առաջարկող ընկերությունը։

Ապացույցների՝ հետագա հետազոտման փուլում՝ պաշտպանական կողմին որոշ փաստաթղթերի թվային տվյալներին ծանոթանալու և պաշտպանությանը պատշաճ պատրաստվել հնարավորություն տալու համար Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը։

Դատական հաջորդ նիստը կկայանա սույն թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 14։00-ին։

Վովա Հակոբյան