Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության հարցեր

ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության հարցեր
Իրավունք
19:11, 28 ноябрь 2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Արսեն Այվազյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև բարձր մակարդակով համագործակցությունն արդյունավետորեն շարունակվում է, ինչի շրջանակներում նշանակալի աշխատանք է ծավալվել տարբեր ուղղություններով ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացման և մասնագիտական ռեսուրսների կատարելագործման ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ հերթական կարևոր քայլն այս ուղղությամբ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետ համագործակցությամբ փողերի լվացման հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարում հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստման ծրագրի մեկնարկն է։ Այս ոլորտում ԱՄՆ մասնագիտական աջակցության կարիքը ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ նախորդ հանդիպումների ժամանակ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ընդգծել է, որ որպես փողերի լվացման եղանակ՝ վերջին շրջանում ավելի շատ են կիրառվում հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները կրիպտոարժույթների վերածելու, կամ այլ երկրներում անշարժ գույքեր ձեռք բերելու մեխանիզմները, որոնց դեմ պայքարը ենթադրում է միջազգային լայն համագործակցություն և կարողությունների շարունակական զարգացում։

«Այս համագործակցությունը բխում է նաև ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև այս տարի ստորագրված համագործակցության հուշագրից։

Արսեն Այվազյանը համոզմունք է հայտնել, որ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում ամերիկյան հարուստ փորձի հիման վրա Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացները նպաստելու են փողերի լվացման քրեական վարույթներով նախաքննության արդյունավետության և որակի բարձրացմանը։
Ալեքսիս Հաֆտվանը շեշտել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու փողերի լվացման և ֆինանսական բնույթի այլ հանցագործությունների  դեմ պայքարի բոլոր այն նախաձեռնություններին, որոնց անհրաժեշտությունը տեսնում են ՀՀ իրավապահ մարմինները։ Նա հավելել է, որ արդեն իսկ կարող են քննարկել այս ոլորտում հետագա նոր ծրագրերի, նախաձեռնությունների կարիքներն ու ուղղությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում մեկնարկող վերապատրաստման դասընթացին, ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան հետ գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ակտիվացնել երկխոսությունը, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հաշվառմամբ, նախանշվող նոր ծրագրերի մանրամասները քննարկելու շուրջ։