Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աքորիի 22-ամյա բնակիչը սպանել է 50-ամյա համագյուղացուն. նախաքննությունն ավարտվել է

Աքորիի 22-ամյա բնակիչը սպանել է 50-ամյա համագյուղացուն. նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
14:19, 02 декабрь 2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Աքորի բնակավայրի 50-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից:
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նույն բնակավայրի 22-ամյա բնակիչը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, 2023 թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի փողոցներից մեկում ոչ սթափ վիճակում վարել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, որը հանկարծակի ծագած անսարքության պատճառով կանգ է առել նշված փողոցի տներից մեկի դիմաց։
 
Երբ երիտասարդը փորձել է վերացնել ավտոմեքենայի անսարքությունը, փողոցով ավտոմեքենայով երթևեկող 50-ամյա համագյուղացին, լինելով ոչ սթափ վիճակում, հայհոյանքներ է հնչեցրել՝ դժգոհելով, որ վերոնշյալ ավտոմեքենան խոչընդոտում է ճանապարհի երթևեկությունը։
 
Այնուհետև վերջիններիս միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 22-ամյա երիտասարդն ավտոմեքենայից վերցրած սուր ծակող-կտրող առարկայով դիտավորությամբ երեք անգամ հարվածել է 50-ամյա տղամարդու կրծքավանդակի և որովայնի հատվածներին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 2-րդ մասով։
 
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։