Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Մամիկոն Ասլանյանի փաստաբանը վաղը կմիջնորդի փոխել մոտ երկու տարի կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին համայնքապետի փախանման միջոցը

Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Մամիկոն Ասլանյանի  փաստաբանը վաղը  կմիջնորդի փոխել մոտ երկու տարի կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին համայնքապետի փախանման միջոցը
Իրավունք
10:50, 04 декабрь 2023
Հակակոռուպցիոն քրեական դատարանում  դեկտեմբերի 5֊ին, ժամը՝ 16.30-ին, տեղի կունենա շուրջ երկու տարի կալանքի տակ գտվող, նախկին նոտար, ՀՀԿ-ում անդամությունը սառեցրած, Վանաձոր համայնքի նախկին համայնքապետ, 2021-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում «Ասլանյան» դաշինքը գլխավորած   Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբանը կմիջնորդի Ասլանյանի խափանման միջոցի փոփոխության համար։ 

Հիշեցնենք, որ Մամիկոն Լևուշի Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնեական կեղծիք։ Սույն գործով  մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին՝ Սուրեն Աբովյանին եւ Անահիտ Հովհաննիսյանին։ Ըստ մեղադրանքի՝  համայնքի գլխավոր ճարտարապետն ու իրավաբանը  կեղծ փաստաթղթեր են կազմել ու տվել Ասլանյանին՝ ստորագրելու, ինչի հետեւանքով համայնքի ղեկավարը միանձնյա փոխել է չմասնավորեցվող հողատարածքների ցանկում ներառված մոտ մեկ հեկտար հողատարածքի նշանակությունը, ընդգրկել համայնքի կողմից օտարվող հողերի ցանկում, և այն վաճառքի է հանվել։  Հողակտորները, որոնք ենթակա չէին վաճառքի, դարձել են համայնքապետի  մտերիմների սեփականությունը։ Ասլանյանին առաջադրված մեղադրանքում մասնավորապես նշված է․ «Մամիկոն Ասլանյանն անձնական այլ դրդումներով իր ստորագրությամբ հաստատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի կողմից կազմված 2018 թվականի հուլիսի 06-ի թվագրմամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ տեղեկանքն այն մասին, թե իբր, Վանաձոր համայնքի Աղայան փողոցի թիվ 82/1-2 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը համայնքապետի 2018 թ․ հունիսի 28-ի թիվ 1022 որոշման հետ միասին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում: Նշված փաստաթղթերի հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքի նկատմամբ, որի նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման: Նշված հողամասն օտարելու հետ կապված ՀՀ հողային օրենսգրքով սահմանված արգելքը վերը նկարագրված հանցավոր գործողությունների արդյունքում շրջանցելուց հետո Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն այն ընդգրկել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում, 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդ, որի հաղթող է ճանաչվել Անահիտ Ղազումյանը: Արդյունքում՝․․․ 0,0025 հա մակերեսով հողամասն՝ 52 650 ՀՀ դրամով օտարել է Անահիտ Ղազումյանին»։ Սեփականաշնորհման ոչ ենթակա հողակտորներից մեկն«Ազատության» տվյալներով, օտարվել է ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի նախկին պետ Արա Կարապետյանի զոքանչն է։ Այս հողատարածքը հարակից է Վանաձորով անցնող Մ6 միջպետական մայրուղուն և մասնավոր գերեզմանատուն է դարձել։

Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308  ( Մաս 2), 309 (Մաս 1 /8 դրվագ/) եւ 314 (Մաս 1 /7 դրվագ/) հոդվածներով։ 

Ու թեեւ ըընդդիմության որոշ կարկառուն ներկայացուցիչներ Ասլանյանին համարում են քաղբանտարկյալ եւ պնդում,  որ նրա դեմ հարուցված քրեական գործին քաղաքական աստառ են փորձում տալ պնդելով, թե  Ասլանյանին  կալանավորելու մոտիվը եղել է նրա՝ Վանաձորի համայնքապետ (Ասլանյան դաշինքը ընտրությւոններում ամենամեծ թվով քվեներն էր ստացել) դառնալը թույլ չտալը,  նկատենք՝ քրեկան գործը հարուցվել է  2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից երեք ամիս առաջ՝  2021-ի սեպտեմբերի 14-ին, երբ դեռ հայտնի չէր, թե ինչ ելք կունենան ընտրություններն ու ով կհաղթի։  

Հ․Մ․