Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ պատգամավոր Աննա Մկրտչյանի և «Հայելի»-ի ղեկավար Անժելա Թովմասյանի քաղհայցերով նշանակված դատաքննության օրերը

Հայտնի են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ պատգամավոր Աննա Մկրտչյանի և «Հայելի»-ի ղեկավար Անժելա Թովմասյանի քաղհայցերով նշանակված դատաքննության օրերը
Իրավունք
18:24, 08 декабрь 2023
Քաղաքացիական դատարանը դատաքննություն է նշանակել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի։  Civic.am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ դատաքննությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 17-ին։  Հիշեցնենք, որ Սիմոնյանը  վերջինիս դատի էր տվել վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջով։ Հայցի  հիմքում «Թերթ Էյ Էմ» լրատվական ընկերության ֆեյսբուք սոցիալական կայքէջում տեղադրված՝ «Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան» վերնագրով հրապարակման ներքո պատասխանողի կողմից կատարված մեկնաբանությունն է, որով, ըստ հայցվորի,  արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Նշենք, որ հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել Դատարան՝ ապացույցն ապահովելու մասին, որը բավարարվել էր։ Դատարանը որոշել էր «առանց դատական նիստ հրավիրելու և գործին մասնակցող անձանց ծանուցելու՝ համակարգչի կիրառմամբ դիտելու միջոցով, որպես ապացույց զննել 21.09.2023թ. հայցվորի վերաբերյալ կատարված գրվածքը, այն տպագրել և կցել քաղաքացիական գործին»:  

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ս.թ. հոկտեմբերի 26-ին քաղհայց է ներկայացրել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանի դեմ՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու վերաբերյալ: Հայցադիմումը  վարույթ ընդունած դատարանը այս գործով դատաքննության օր է նշանակել դեկտեմբերի 29-ին, ժամը 12-ին։ Աննա Մկրտչյանը ԱԺ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ժամանակ վիրավորական արտահայտություն էր հնչեցրել Սիմոնյանի հասցեին։ 

Նշենք, որ մեկ այլ հայցադիմում Մկրտչյանի դեմ Ալեն Սիմոնյանը ներկայացրել էր նախորդ տարի նոյեմբերի 8-ին՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին:

Հ. Մ.