Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բանակը որեւէ դեպքում իրավունք չունի մասնակցել քաղաքական գործընթացների»․ Սահմանադրական իրավունքի մասնագետ

«Բանակը որեւէ դեպքում իրավունք չունի մասնակցել քաղաքական գործընթացների»․ Սահմանադրական իրավունքի մասնագետ
Իրավունք
17:08, 26 февраль 2021
«Ինստիտուցիոնալ առումով դատական համակարգը արդեն իսկ դիմադրում էր, բայց շատերի համար տեսանելի չէր արդարադատություն իրականացնող այլ մարմինների՝ դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք շատ դեպքերում իրենց գործողություններով, իրենց անգործությամբ շատ հստակ ցույց էին տալիս դիմադրություն»,- «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ անդրադառնալով ՀՀ ԳՇ պետի հայտարարությանը եւ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Մարդիկ, ովքեր առնչություն ունեն այդ համակարգերի հետ, մենք դա  շատ լատեսել ենք եւ կանխատեսում էինք այդ դիմադրությունը։ Եվ հենց դա էր պատճառը, որ մենք առաջարկում էինք, պահանջում էինք իրականանցել իրական բարեփոխումներ, այլապես անխուսափելի էր լինելու այն, ինչ հիմա փորձում են իրականացնել՝ ներգրավվելով բանակը։ Ես կարծում եմ, որ դեռ վտանգ կա»,- ասսաց նա։

 Ըստ իրապաշտպանի՝ նման հայտարարություն անելուց հետո կարող է լինել երկու լուծում՝ կա’մ ԳՇ-ի պաշտոնյաները պաշտոնաթող են արվում, կա՛մ քրեական գործեր են լինում, որովհետեւ իրենք իրենց լիազորությունները արդեն իսկ չարաշահել են, կա’մ իրենք իրենց ասածին պետք է տեր կանգնեն մինչեւ վերջ եւ փողոցում կարող են հայտնվել տանկեր։ 

«Այս պահին իշխանությունները շատ ծանր վիճակում են, եւ պետք է առաջարկներ անեն, որոնք ինչ-որ չափով ընդունելի կլինեն բոլորի համար։ Լավագույն տարբերակը իրենք ժամանակին գտել էին՝ արտահերթ ընտրություններն էին, եւ դրա մասին հատարարելը մի փոքր լարումը նվազացրել էր, բայց երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ երկու ընդդիմադիր ուժի հետ խոսել է եւ արտահերթ չի լինի, սա բերեց արտառոց զարգացումների»,- հավելեց նա։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ երկրում առկա է ինստիտուցիոնալ քաղաքական ճգնաժամ, բայց բանակը որեւէ դեպքում, որեւէ պարագայում իրավունք չունի մասնակցել քաղաքական գործընթացների։ 

Ըստ Խալաթյանի՝ Բանակի հրամկազմի մի զգալի հատված խախտել է սահմանադրության 14-րդ հոդվածը եւ առնվազն պետք է պաշտոնանկ արվի, եւ հետո դեռ իրավապահ մարմինները պետք է քննարկեն՝ արդյո՞ք այդ մարդիկ փորձ են արել իրականացնել կամ նախապատրաստել են իրականանցել զինված հեղաշրջում կամ իրավական տեսանկյունից՝ սահմանադրական կարգի տապալում։
 
«Այն երկրներում, որտեղ որ բանակը ստանձնում է որոշակի քաղաքական դերակատարում, այդ բանակը ունենում է այսպես ասած հաղթողի իմիջ. այսօր բանակը չունի այդ քաղաքական լեգիտիմության պաշարը նման գործառույթներ ստանձնելու համար»,- ավելացրեց նա։

Գեղամ Ադյան