Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեյրան Օհանյանը չի հրավիրվել ՀՔԾ՝ ԱԺ ծեծկռտուքի գործով. մի շարք պատգամավորներ արդեն բացատրություն են տվել ՀՔԾ-ում

Սեյրան Օհանյանը չի հրավիրվել ՀՔԾ՝ ԱԺ ծեծկռտուքի գործով. մի շարք պատգամավորներ արդեն բացատրություն են տվել ՀՔԾ-ում
Իրավունք
16:17, 30 август 2021
Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում ՀՔԾ-ում։ Նյութերի շրջանակներում միջադեպին առնչվող անձինք հրավիրվում են բացատրություններ տալու։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Civic.am-ը կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ։ Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն բացատրություն է տվել ՀՔԾ-ում և տեղի ունեցածը որակել է որպես խմբակային խուլիգանություն. «Ես վկայություն եմ տվել, որ տեղի է ունեցել կազմակերպված խմբակային խուլիգանություն, և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն»։

Մեր հարցին՝ Ձեր անձի վերաբերյալ ոչինչ չե՞ք ասել, Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Ոչ, տեղի է ունեցել խմբակային խուլիգանություն, և խոսքը առանձին անձերի մասին չէ»։    

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նույնպես փաստեց, որ հրավիրվել է ՀՔԾ և բացատրություն տվել։

Գեղամ Նազարյանն էլ ընդգծեց, որ ինքը ՀՔԾ-ում փաստել է, որ իրեն հարվածել են։

Նշենք, որ այսօր բացատրություն է տվել նաև Աղվան Վարդանյանը, իսկ Սեյրան Օհանյանին դեռևս չեն հրավիրել ՀՔԾ։ 
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ելույթի ժամանակ ասաց. «Պաշտպանության բոլոր էն նախարարները, որոնց օրոք բանակից փողով կամ զանգով մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են»:

Այս խոսքից հետո ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը ջրի շիշը շպրտել է Հայկ Սարգսյանի ուղղությամբ՝ բղավելով. «Դավաճանը դու ես, այ տղա»։ Իրավիճակը թեժացել է, իսկ ավելի ուշ, Վահե Հակոբյանի ելույթից վրդովված, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ հարվածներ են հասցրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։