Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան քրեական գործեր, որոնց մասին տեղեկությունները շատ ավելի քիչ են հրապարակվում․ Պետք է լինի հարգանք՝ վարույթի և վարույթն իրականացնող մարմինների նկատմամբ․ Գևորգ Բաղդասարյան

Կան քրեական գործեր, որոնց մասին տեղեկությունները շատ ավելի քիչ են հրապարակվում․ Պետք է լինի հարգանք՝ վարույթի և վարույթն իրականացնող մարմինների նկատմամբ․ Գևորգ Բաղդասարյան
Իրավունք
14:08, 31 август 2021
«Նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարաման բացակայության պատճառով։ Դատարանը գտավ, որ թղթային տարբերակով չի ապահովվելու պատշաճ հրապարակայնություն, այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,-այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13․00-ին նշանակված էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, սակայն դատարանում հոսանք չլինելու պատճառով նիստը հետաձգվեց։ 

Խոսելով նաև Վերաքննիչ քրեական դատարանում սահմանադրական կարգի տապալման գործով բողոքի քննության ընթացքի մասին՝ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ վերաքննիչ բողոքում էլ, ներկայացրած միջնորդության մեջ էլ, առանձին բարձրացված է հենց Սահմանադրական դատարան դիմելու հարց և վերաքննիչ դատարանը հետաձգել է այդ միջնորդության քննարկումը՝ խորհրդակցական սենյակում գործն ըստ էության լուծող ակտի դեմ բողոքը մեկտեղ քննարկելու համար։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու պետական դավաճանության հետ կապված գործով տեղեկությունները քիչ են, ինչին ի պատասխան Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ կան քրեական գործեր, որոնց մասին տեղեկությունները շատ ավելի քիչ են հրապարակվում, կան քրեական գործեր, որոնք ընդհանրապես գաղտնի են և այդ գաղտնիքը չի ենթադրվում, որ արվում է որևէ բան թաքցնելու համար։

«Պետք է լինի հարգանք՝ վարույթի և վարույթն իրականացնող մարմինների նկատմամբ, պետք է գիտակցել, որ ընդհանրապես պատերազմի ընթացքը ենթադրում է շատ բարդ հանգամանքների համակցությամբ, դրա վերաբերյալ պատերազմից առաջ գործողությունների և պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ շատ մեծ թվով քրեական գործեր կան հարուցված»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։             
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։