Դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ վարույթ է հարուցվել անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով
Իրավունք
16:56, 06 сентябрь 2021
Բարձրագույն դատական խորհրդում քննվում է դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։
Վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տ. Մկրտչյանի կողմից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբրի» համակարգի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասցեագրված դիմումը։
Մասնավորապես, հասցեագրվել է դիմում, դիմումի մեջ ներառվել են տեղեկություններ այն մասին, որ 2020 թվականի մայիսի 4-ին Արամ Բաբայանը և Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որոնցով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը։
Հանձնաժողովի ներկայացուցիչը նաեւ նշեց, ՍՊԸ֊ի միջոցով ստացված շահույթը 2020թ կազմել է 250,000 ՀՀ դրամ, 2016թ-ին՝ շուրջ 1 մլրդ 121 մլն դրամ, իսկ 2021թ շահույթ չի եղել։ Դատավոր Գագիկ Խանդանյանի ներկայացուցիչ Արթուր Ղամբարյանը խնդրեց որոշակիացնել ու անհատականցնել, թե կոնկրետ ո՞ր գործողությամբ ո՞ր օրենքի ո՞ր դրույթն է խախտվել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշեց, որ Հանրային ծառայողը պաշտոն ստանձնելուց հետո իրավունք չունի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, որի կարգավորումներն էլ տալիս է ՀԾԿՀ օրենքը։ Սույն պայմաններում Հանձնաժողովը համարում է, որ Գագիկ Խանդանյանի արարքում առկա է կանոնների խախտում, և տվել է եզրակացություն ու օրենքով սահմանված կարգով ուղարկել խորհրդին։