Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր զարգացում Միքայել Մինասյանին առաջադրված՝ հանցավոր ճանապարհով ստացված գումարի օրինականացման վերաբերյալ քրգործով

Նոր զարգացում Միքայել Մինասյանին առաջադրված՝ հանցավոր ճանապարհով ստացված գումարի օրինականացման վերաբերյալ  քրգործով
Իրավունք
13:46, 02 апрель 2024
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին առաջադրված  քրեական  գործով Հակակոռուպցիոն քրեական դատարանը որոշում է կայացրել՝ գործը (49 հատոր) ուղարկել ըստ առարկայական ընդդատության՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Ciciv.am-ը դատարանի որոշումից (դատավոր՝ Տիգրան Դավթյան) տեղեկացավ, որ ըստ  մեղադրանքի փաստական նկարագրության՝ Միքայել Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար։  

Որ՝ ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու միասնական դիտավորությամբ փաստացի ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրա իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով Միքայել Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք, որի հետևանքով Միքայել Մինասյանի կողմից թաքցվել է գույքերի իրական պատկանելությունը, խեղաթյուրվել է դրանց հանցավոր ծագումը, որպիսի գործողությունների արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 333. 861.167,90 ՀՀ դրամը:

«Հետևաբար՝ սույն  քրեական գործով մեղադրյալ Միքայել Մինասյանը մեղսագրվող արարքը չի կատարել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (պաշտոնեական դիրքն օգտագործելով), ուստի բացակայում է նշված հանցակազմը կոռուպցիոն բնույթի հանցանք դարձնող հանգամանքը, ինչը ենթադրում է, որ քրեական գործն այլևս ընդդատյա չէ ՀՀ հակակոռուպցիոն դատարանին։ Դատարանը նշվածը գնահատելիս հաշվի է առնում նաև այն, որ 2024 թվականի մարտի 25-ի դատական նիստի ընթացքում սույն գործով հանրային մեղադրողը ևս այն դիրքորոշմանն է, որ սույն գործն այլևս ընդդատյա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին՝ միջնորդելով քրեական գործն ուղարկել ըստ ընդդատության»,-մասնավորապես նշված է դատարանի որոշման մեջ։ 

Նշենք, որ Մինասյանի նկատմամբ  հետախուզում է հայտարարվել, սակայն, ըստ «դատալեքս»-ի,  սույն գործով վերջինիս նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։