Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Քոչարյանի համախոհները մարտի 1-ին որոշում են երթ անել, նշանակում է՝ դատարանը դեռևս ոչինչ չի արել»․ Սեդա Սաֆարյան

«Եթե Քոչարյանի համախոհները մարտի 1-ին որոշում են երթ անել, նշանակում է՝ դատարանը դեռևս ոչինչ չի արել»․ Սեդա Սաֆարյան
Իրավունք
13:16, 01 март 2021
2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանը, որպես մարտի մեկի գործով գործող գլխավոր անձ ներգրավվեց որպես մեղադրյալ։ 2008 թվականից անցել է շուրջ 13 տարի, սակայն այդ գործով դատապարտյալներ դեռ չկան։ Մարտի մեկի գործով դատավարությունը դեռ նույնիսկ դատաքննության փուլին չի հասել։ 

Մարտի մեկի իրադարձություններից տուժածների շահերի պաշտպան, նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը Civic.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե Քոչարյանի համախոհները այնքան են ակտիվացել, որ մարտի մեկին որոշում են երթ անել և չհարգել, չսգալ իրենց իսկ կողմից փողոցում կատարված ոճրագործությունը, դա նշանակում է, որ դատարանը դեռևս ոչինչ չի արել և չի էլ ուզում անել․ «Բոլորը դատական գործընթացը վերականգնելը կապում են քաղաքական պրոցեսների հետ»,-ասաց փաստաբանը։ 

Հիշեցնենք՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի ակցիաները մարտի 1-ին ընդհատվում են ոստիկանական ուժերի գրոհով։ Վաղ առավոտյան ոստիկանները պատճառաբանելով, որ տեղեկություններ ունեն, որ ցուցարարները զինված են և հրապարակում կան զենք և զինամթերք, հարձակում են գործում քնած ցուցարարների վրա։ Ոստիկանական բռնի գործողությունների հետևանքով տասը մարդ է զոհվում, 100-ից ավելի վիրավորվում են։ 

Մեր հարցին, թե արդյոք դատական պրոցեսում իրավունքի չարաշահում չի՞ նկատվում և դատախազությունը չունի՞ լծակներ դրան վերջ տալու համար, Սեդա Սաֆարյանը պատասխանեց, որ դատախազությունը ունի այդպիսի լծակներ։ «Դատախազությունը առաջին օրից էլ կարող էր իր գործուն միջամտությունը ունենալ այս հարցերի հետ կապված, բայց չունեցավ։ Արդյունքում դատական ամբողջ գործընթացի ղեկը տվեցին  պաշտպանության կողմին, ով ինչ ուզեց արեց դատարանում, անունը դրեց, որ օրենքը թույլ է տալիս բոլոր հնարավոր միջոցներով դատական նիստերը ձգձգել և կարողանում են գտնել օրենքի բացերը, ինչը մեղադրանքի կողմը պետք է շատ արագ կողմնորոշվեր և աներ ինչ որ հնարավոր է»,- նշեց նա՝ հավելելով․ «Հիմա ես չեմ կարող ասել, թե այս գործի ընթացքում ինչ կարգի փեփոխություններ կարող են լինել, որովհետև, ըստ էության, շարունակվում են գործը հետաձգելու գործողությունները և տուժողները, գիտեք, բոյկոտել են դատական նիստերը անարդյունավետ չլինելու պատճառով։ Այդ դատական նիստերի ժամանակ տուժողները ընդամենը խոշտանգվում են՝ արդեն դատական համակարգի կողմից և այս առումով շատ տխուր վիճակ է ստեղծվել։ Ստեղծվել է բուն դատաքննությանն անցնելու դժվարություններ»։

Մեր հարցին, թե ըստ Սաֆարյանի, ե՞րբ գործը կհասնի դատաքննության փուլ, և ի՞նչ պատճառով են մեղադրյալի պաշտպանները ձգձգում գործի քննությունը, Սաֆարյանն ասաց, որ դատարանը պետք է հայտնի, որ ավարտում է մինչդատական միջնորդությունների փուլը ու անցնի դատաքննության փուլ։ Դա հիմնականում դատարանի գործն է, կողմերը ուղղակի նպաստում են դրա արագ տեղի ունենալուն։ 
«Կողմերը ընդամենը նպաստողներ են, իսկ մնացածը դատարանի գործն է, իսկ մեր դատական համակարգի պայմաններում դժվար է ասել, թե կարվի՞ կամ գործնական քայլեր կարվի՞, թե՞ չի արվի», -նշեց Սեդա Սաֆարյանը։ 

Ըստ Սաֆարյանի արդարադատությունը և արդարության վերականգնումը ոչ մեկին չի հետաքրքրում։ Պաշտպանության կողմին հետաքրքրում է միայն գործը ձգձգելով հասնել նրան, որ քաղաքական իրավիճակ փոխվի։ «Եվ այդ քաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ այս գործը մի կողմ դրվի։ Սա է ամբողջ միտումը։ Մեղադրյալների պաշտպաններն ամեն ինչ անում են, որ գործը դատաքննական փուլ չմտնի»,-արձանագրեց տուժող կողմի պաշտպանը։ 

Վովա Հակոբյան