Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննիչը պատրաստվում է Աղվան Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան․ փաստաբան

Քննիչը պատրաստվում է Աղվան Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան․ փաստաբան
Իրավունք
16:31, 07 сентябрь 2021
Փաստաբան Գագիկ Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ Աղվան Գառնիկի Հովսեփյանը նշանակվել է մեղադրյալ (սարկազմս կհասկանան մասնագետները)։

Քննիչը պատրաստվում է խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան։ Խիստ կարևոր է, որ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։

Մեղադրանքի կողմը անհաջող փորձ է արել վերջինիս հասուն որդիների կողմից բիզնես գործունեությունը ներկայացնել որպես պարոն Հովսեփյանի հովանավորչության արդյունք։ Գտնվել են երկու «շաքար սիլվա», որոնք ստանձնել են համապատասխան գործիքի դերը և քննությանը մատակարարել անհրաժեշտ դատարկաբանությամբ։ Ձերբակալման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է։ Աղվան Հովսեփյանը տրամադրված է մարտական։ Մեղադրանքը բնականաբար չի ընդունում։ Համոզված եմ, որ բոլոր պղպջակները արագ պայթելու են»,-նշել է նա։

Հատուկ քննչական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Աղվան Հովսեփյանը, 2004թ․ մարտի 18-ից մինչև 2013թ․ սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014թ․ հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՔԿ նախագահի պաշտոնները, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, բացի այդ ստացել է 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Նա ձերբակալվել է։