Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղվան Հովսեփյանի մեղադրանքի ծավալը պետք է փոխվի. Մեղադրանքի հիմնական մեխը պետք է դառնա ընդդիմադիրների ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը, Մարտի 1-ի և բազմաթիվ այլ գործերով արդարադատությանը խոչընդոտելը

Աղվան Հովսեփյանի մեղադրանքի ծավալը պետք է փոխվի. Մեղադրանքի հիմնական մեխը պետք է դառնա ընդդիմադիրների ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը, Մարտի 1-ի և բազմաթիվ այլ գործերով արդարադատությանը խոչընդոտելը
Իրավունք
17:38, 07 сентябрь 2021
«Ես հուսով եմ, որ առաջիկայում Աղվան Հովսեփյանի մեղադրանքի ծավալը կփոփոխվի, և նրա մեղադրանքի ծավալի հիմնական մեխը կդառնա ընդդիմադիրների  նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումներ իրականացնելը։ Մասնավորապես, Մարտի 1-ի ապօրինի քրեական գործերը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերով համակարգող Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքին։
Հիշեցնենք, որ այսօր պարզ դարձավ, որ ձերբակալվել է նախկին Գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ օրինականացնելու համար (փողերի լվացում), ինչպես նաև ձեռք են բերվել ապացույցներ, որ նա ստացել է 190 միլիոն դրամ կաշառք և խարդախության եղանակով հափշտակել է 800 միլիոն դրամ, բացի դրանից՝ պաշտոնավարման ընթացքում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը։ Այս  հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին 3 դրվագով մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։  

Ըստ Խաչատրյանի՝ նմանատիպ գործերի բացահայտումը շատ կարևոր է առողջ դատաիրավական համակարգ ունենալու առումով, եթե այդ «համակարգն այլանդակողները պետք է ազատության մեջ մնան ու վայելեն իրենց թալանած միլիոնները և միլիարդները». «Ես վստահ եմ, որ այդ բացահայտված գումարն Աղվան Հովսեփյանի թալանածի չնչին մասն է։ Եվ հետո, այս գործը շատ կարևոր ցուցիչ է իմ ասած դատաիրավական համակարգի մասով։ Առաջիկայում կտեսնենք՝ դատարանը արդյոք կալանքի սանկցիա կտա՞, թե՞ ոչ, այդ գործը ի՞նչ արագությամբ կգնա։ Բայց ամեն դեպքում ես ինձ համար փակել եմ արդար դատական համակարգի թեման, քանի որ, իմ կարծիքով, քանի  ՀՀ դատարաններում կան Մարտի 1-ի գործ քննած և վճիռ կայացրած դատավորներ, Բյուզանդի, Արամի փողոցների գործերով վճիռներ կայացրած դատավորներ, քաղաքացիներին իրենց ապօրինի վճիռներով ունեզրկած դատավորներ, ապա այդ դատական համակարգը չի կարող անկախ լինել՝ անկախ նրանից, թե այդ համակարգում ինչ քայլեր են կատարվում։ Իհարկե, հուսով եմ, որ այդ քայլերը կտանեն ի վերջո արդար դատական համակարգ ունենալուն։ Դա պետության պարտավորությունն է։ Բայց կրկնում եմ՝ քանի դեռ այս պահին դատական համակարգում կան Մնացական Մարտիրոսյան, Ռշտունի, Ազարյան և 15 ու ավելի նմանատիպ այլ  դատավորներ, ապա ես անկախ դատական համակարգի մասին չեմ կարող խոսել»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս առումով վերապահում ունի նաև Աղվան Հովսեփյանին պատասխանատվության ենթարկելու մասով. «Աղվան Հովսեփյանը օդիոզ կերպար է, թալանի, ապօրինությունների, դատաիրավական համակարգում այլանդակությունների, քաղաքական հետապնդումների  ճարտարապետն է։ Նա շատ «հարուստ» կենսագրություն ունի։ «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալման գործերով Աղվան Հովսեփյանը քննիչ է եղել։ Հետևաբար առնվազն տեղյակ մարդկանց զայրույթն էր առաջացնում այն փաստը, որ Աղվան Հովսեփյանը 2018-ից հետո հանգիստ, խաղաղ շրջում էր երևանյան փողոցներով՝ կարծես սրբադասված լիներ»,- ասաց Խաչատրյանը և հույս հայտնեց, որ այս անգամ քննչական մարմինները շատ հիմնավոր մեղադրանք ներկայացրած կլինեն՝ հարուստ ապացուցողական բազայով։ Եվ Աղվան Գառնիկիչը ոչ միայն տնտեսական, այլև արդարադատության դեմ կատարած ծանր հանցագործությունների մեղադրանքով կկանգնի արդարադատության առաջ։
Ըստ Խաչատրյանի՝ եթե այս դեպքում էլ քննչական մարմինները, և ոչ միայն, բավարարվեն նրանով, որ, ինչպես մյուս կոռուպցիոներները, Գառնիկիչն էլ որոշակի գումար  վճարի և ազատվի պատասխանատվությունից, ապա  դրանից հետո կարելի է մի մեծ ու ծանր քար դնել ՀՀ դատաիրավական համակարգի վրա և մոռանալ ցանկացած տեսակի բարեփոխման մասին։
Փաստաբան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ շատ ողջունելի է, որ իրավապահ համակարգը սկսել է Աղվան Հովսեփյանի արարքներին քրեաիրավական գնահատականներ տալ, և հուսով է, որ այսքանով չեն սահմանափակվի, միայն այս դրվագները չեն լինի և  հնարավոր կլինի հասնել Մարտի 1-ի և բազմաթիվ այլ գործերով արդարադատության խոչընդոտմանը. «Աղվան Հովսեփյանն ու այն իշխանությունը, որին ծառայել է  նա, մշտապես ծաղրի են ենթարկել երկրի արդարադատությունը, և իրենց թվացել է, որ իրենք երկրի վրա Աստծուն փոխարինողներն են՝ ում ուզեն՝ կդատեն, ում ուզեն՝ կազատեն պատժից։ Աղվան Հովսեփյանի հետ մեր ճանապարհները տասնյակ, հարյուրավոր գործերով են խաչվել, և երևի թե առանց բացառության չկա մի գործ, որում ես հաջողություն արձանագրեի որպես փաստաբան»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ Աղվան Հովսեփյանը դատախազ ու ՔԿ ղեկավար եղած ժամանակ զբաղվել է հիմնականում ամեն ինչով, բացի դատական հսկողություն իրականացնելուց, որի արդյունքում տարիներ անց մեր իրավապահ համակարգում այս պատկերն է։ «Հավատացեք, որ այս պատկերը մեկ օրում չի առաջացել, և ցանկալի է, որ գնահատական տրվեր համակարգում նրա դերին, որովհետև դա պաշտոնեական լրազորությունները չարաշահելու ակնհայտ տարրեր է պարունակում։ Աղվան Հովսեփյանի հսկած որ գործն էլ վերցնեն ու վերլուծության ենթարկեն, կտեսնեն, որ այդտեղ իրավունք չի գործել»,- եզրափակեց Սեդա Սաֆարյանը։ 
Նշենք, որ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանն արդեն իսկ հայտարարել է, որ Հովսեփյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, քանի որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։