Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գիշերը կալանավորվել է․ դատարանը բավարարել է միջնորդությունը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գիշերը կալանավորվել է․ դատարանը բավարարել է միջնորդությունը
Իրավունք
10:32, 08 сентябрь 2021
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը գիշերը կալանավորվել է: Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանի հայտարարությունում նշվում է․

«Աղվան Հովսեփյանը ծնունդով ապարանցի է։ Պայքարելու կամքը ժառանգել է արյամբ։ Ոչ ոք չմտածի թե նա ընկճվելու է։ Ընդհակառակն։ Շատ շուտով որոշ կերպարներ իրենց մաշկին կզգան պատասխան հարվածը։
Ինչ վերաբերվում է կալանքի «հրամանագրին» (դրան որոշում անվանելը սազական չէ), ապա այն բողոքարկվելու է բոլոր հնարավոր եղանակներով»,-գրել է նա։

Հատուկ քննչական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Աղվան Հովսեփյանը, 2004թ․ մարտի 18-ից մինչև 2013թ․ սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014թ․ հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՔԿ նախագահի պաշտոնները, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, բացի այդ ստացել է 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):