Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քերոբյանի գործով նախաքննական մարմինն ու դատախազությունը փակուղում են․ պաշտպան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել այս տարվա փետրվարին, որից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Նախկին նախարարը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ: Վահան Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:

Խոսքը վերաբերում է էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթում Սիներջի ընկերության հաղթանակը մրցույթում ապահովելուն։ Ըստ մեղադրանքի՝ Քերոբյանը, փոխնախարար Անի Իսպիրյանն ու նախարարության այլ աշխատակիցներ, Սիներջիի ներկայացուցիչների՝ այդ թվում տնօրենի հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել՝ կատարել գործողություններ, որի արդյունքում ընկերությունը կկարողանա հաղթել հայտարարված մրցույթում։ Այս գործողությունների հետևանքով, ըստ դատախազության, պետությանը պատճառվել է էական վնաս։

Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ նախորդ երկու ամիսների ընթացքում քննչական կոմիտեն նորից ու նորից ուսումնասիրում է գործում առկա նյութերը։

Եգորյանը նշեց, որ կատարվել են բոլոր առերես հարցաքննությունները, կատարվել են կրկնակի հարցաքննություններ, հետևաբար գործով անցնող անձանց անազատության մեջ պահելու որևէ իմաստ չկա։

Պաշտպանը մատնանշեց, որ այսօր, ըստ էության, միայն Վահան Քերոբյանն է, որ մնում է անազատության մեջ, մնացած բոլորն արդեն իսկ ազատ են արձակվել, որոշները վերադարձել են աշխատանքի՝ այդ թվում էկոնոմիկայի նախարարություն։

Քերոբյանը սահմանափակված է որևէ անձի հետ հաղորդակցվելու հնարավորությունից՝ բացի մերձավոր հարազատները և պաշտպանը։ Անգամ նոր պաշտպաններ ներգրավելու հնարավորությունից է զրկած, նաև աշխատելուց, բուժօգնություն ստանալուց։

Ըստ Եգորյանի՝ իրավապահ մարմինները, չնայած որ քննչական գրեթե բոլոր գործողություններն իրականացրել են, բայց  կսպառեն օրենքով թույլատրված 8 ամիսները, որը նախատեսված է նախաքննության համար, որպեսզի ժամանակի ընթացքում վերանա գործընթացի նկատմամբ հանրային հետաքրքրությունը։ 

Քերոբյանն ու պաշտպանները՝ տնայաին կալանքի երկարացման դեմ բողոքարկելու են․ ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստվում են դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան