Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Իրավունք
17:56, 10 май 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել:

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է իրականացվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, հիշյալ խմբավորման մասնակցին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական աշխարհում «Բ․ Հ.» մականունով հայտնի անձը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, գործել է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին։

Մասնավորապես, 2020թ․ փետրվարի 22-ի դրությամբ, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, վերջինս ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։ Նա ընդունել է իրեն դիմած անձանց խնդրանքները՝ մի շարք քաղաքացիների կողմից նրանց պարտք եղած 7,000,000 ՀՀ դրամը, 39,000 ԱՄՆ դոլարը և տարբեր չափերի այլ գումարներ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վերադարձնելու վերաբերյալ առաջացած վեճը լուծելու համար։ Օգտվելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից՝ նա պատրաստակամություն է հայտնել անօրինական ճանապարհով՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը, լուծել դրանք և ձեռնամուխ է եղել հիշյալ գույքերը վերադարձնելու մասնավոր հարցերի լուծմանը։
Բացի այդ, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում ընդունելով տարբեր առիթներով տեղի ունեցած վիճաբանությունների մասնակից կողմերին՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ լուծել է նրանց հարցերին առնչվող վեճերը: Վերջիններս, ընդունելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, համաձայնվել են վեճի լուծման պահանջված տարբերակին՝ դրանով իսկ փաստացի ներգրավվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Քննությամբ պարզվել է նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը հեռախոսազանգերի միջոցով, ինչպես նաև համակարգչային խաղասրահում հրահանգներ տալով, իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում։

Վերջինս 2024թ․ հունվարի 17-ին վերոնշյալ հասցեում, կազմակերպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաք՝ քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկել են նախորդ տարվա նոյեմբեր ամսին տեղի ունեցած վիճաբանության և դրան մասնակից անձանց հետագա գործողությունների և վարքագծի վերաբերյալ հանգամանքները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով։

Քրեական վարույթի շրջանակներում ևս 6 անձի նկատմամբ՝ որոնցից երկուսը՝ իրենց մասնավոր հարցերը լուծելու համար քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին առերևույթ դիմողներ են, իսկ 4-ը՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ենթադրյալ մասնակիցներ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական ենթամշակույթին վերաբերող համապատասխան հոդվածներով։

Հիշյալ 7 անձինք ձերբակալվել են և նրանց ներկայացվել է մեղադրանք։

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող նշված անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանք և գրավ, 1 անձի նկատմամբ վարչական հսկողություն և գրավ, 1 անձի նկատմամբ վարչական հսկողություն, 2 անձի նկատմամբ բացակայելու արգելք։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։