Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ որոշումը կիրառելի չէ Մարտի 1-ի գործը կարճելու մասով. պետք է բեկանել կարճման որոշումը և գործն ուղարկել ըստ էության քննության. Սեդա Սաֆարյան

ՍԴ որոշումը կիրառելի չէ Մարտի 1-ի գործը կարճելու մասով. պետք է բեկանել կարճման որոշումը և գործն ուղարկել ըստ էության քննության. Սեդա Սաֆարյան
Իրավունք
12:57, 15 сентябрь 2021
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ դատախազության բողոքի քննությունը։ 

Նիստը նախագահում են դատավորներ Նարինե Հովակիմյանը, Սևակ Համբարձումյանը և Կարեն Մարդանյանը։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ 

Սահմանադրական դատարանը մարտի 29-ին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։

Այսօրվա նիստում տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ներկայացրեց վերաքննիչ բողոք։ Նա իր խոսքում նշեց, որ ՍԴ որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ենթակա չէ կատարման՝ ՀՀ օրենսդրություն կառուցակարգերի և ընթացակարգերի բացակայության հիմքով, և հիմա էլ է պնդում, որ դատարանը չէր կարող նման որոշում կայացնել։

«Ես գտել եմ, որ պետք է բեկանել որոշումը և ուղարկել դատարան՝ նոր, ըստ էության քննության»,- ասաց Սեդա Սաֆարյանը։ 

Նրա խոսքով՝ նորմի սահմանադրականության խնդիրը դեռևս չի նշանակում, որ հանցագործության հենքը բացակայում է։
«Եվ նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է կամ հանցակազմի բացակայության հիմքով, կամ հանցադեպի բացակայության հիմքով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն։ Եվ դատարանն ընտրել է, այսպես ասած, հանցագործության դեպքի հիմքով քրեական գործի քննությունը դադարեցնելու հիմքը, ինչը տուժող կողմի համար առաջացրել է ծանր հետևանքներ՝ այն առումով, որ տուժողները երկու անգամ՝ և՛ 2008-2009 թվականին, և՛ 2018 թվականին այս իրավիճակում զրկված են եղել իրավական պաշտպանական միջոցների արդյունավետ պաշտպանության իրավունքից»,-  ասաց Սեդա Սաֆարյանը։ 

Ներկայացնելով իր փաստարկները՝ Սեդա Սաֆարյանն ասաց, որ դրանցում նաև հանցագործության դեպքի մասին են խոսում, և կարծում է, որ գործում պետք է ներկայացվեն փաստեր, որոնք խոսում են դեպքի առկայության և ամբաստանյալների ուղղակի առնչության մասին 
«Երբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել կողմը, ես դատարանին ներկայացրել եմ ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը մերժելու վերաբերյալ միջնորդություն և հետևյալ պատճառաբանությունն եմ բերել, որոնք առկա են եղել իմ վերաքննիչ բողոքում։ Նախ անդրադարձել եմ հանցավոր համագործակցության խմբի՝ որպես հանցագործության դեպքի առկայությանը, արարքի օբյեկտիվ, սուբյեկտիվ կողմերի պարտադիր հատկանիշների առկայությանը, այնուհետև սահմանադրաիրավական վերլուծության համատեքստում անդրադարձել եմ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածին, որը սահմանում է քրեական գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու հիմքեր, որը չի սահմանում ՍԴ որոշման հիման վրա քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որևէ հիմք»,- ասաց Սեդա Սաֆարյանը։